Տիկին Աբրահամյանը քաղաքական նկուղից հանել էր փաստեր, որոնց պատասխանները վաղուց տրված են։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորի հայտարարությանը՝ կապված 2015թ.–ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Էդմոն Մարուքյանի դիրքորոշման հետ։
Նրա խոսքով՝ «իմ քայլի» պատգամավորների նման պահվածքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի չկատարած խոստումները արդարացնելու փորձ են։
«Ես գիտեմ՝ ինչ է նշանակում, երբ սեփական խոստումները չկատարելու համար ընկնում են հոգեբանական եւ բարոյական ցայտնոտի մեջ։ Ես հասկանում եմ, ձեզ սիրելի գործընկերներ։ Մինչեւ ՀՀ վարչապետի չկատարած խոստումները ձեր փխրուն ուսերի վրա վերցնելը, իմացեք, որ դա անշնորհակալ գործ է»,– ասաց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնած՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։
«Հիմա Երեւանի քաղաքապետի արկածների մասին, ձեր սիրելի քաղաքապետի։ Հայկ Մարությանը հավաքել է Երեւանի քաղաքապետարանում աշխատող իր ընկերներին, խելք խելքի են տվել եւ որոշել են, որ իրենք շատ են աշխատում, չգնահատված են եւ պետք է ավելի շատ վարձատրվեն, որպեսզի ավելի շատ աշխատեն եւ շատ ծառայեն Երեւան քաղաքին»,– ասաց պատգամավորը։











