Եթե ընտրությունները լինեին մայիս-ապրիլ ամիսներին, ոչ թե դեկտեմբերին, ինչպես «քաղաքական կապրիզ» արեց Փաշինյանը, ապա ՀՀԿ-ն՝ առվազն 100 հազար ձայն կստանար, և կհայտնվեր Ազգային Ժողովում, որտեղ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը կդարձներ ավելի արդյունավետ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ն մտադիր են արդյոք վերադառնալ իշխանության:
«Մենք ոչ միայն Սահմանադրությունը հեղինակած, այլ նաև՝ ի տարբերություն գործող իշխանության՝ Սահմանադրությունը հարգող քաղաքական ուժ ենք: Հետևաբար, Սահմանադրությամբ սահմանված քաղաքական ժամկետներում՝ հերթական, թե արտահերթ, Հանրապետական կուսակցությունը իր քաղաքական դրսևորումները վստահաբար կունենա»,- ասաց Աշոտյանը և նշեց, որ Փաշինյանը որքան էլ որ փորձում է անտեսել, կասեցնել ՀՀԿ-ին, միևնույն է ասուլիսի 30 տոկոսը նվիրում է իրենց:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում ոչնչացրել են փաստաթղթեր, Աշոտյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ փաստաթղթերից, և անհամբեր կսպասի ծառայողական քննության արդյունքներին.
«Անհամբեր կսպասեմ, բայց հիշեք, որ ինքը նման բան է ասել: Այսօր Ազգային Ժողովում Փաշինյանն արդեն ասում էր՝ ես չեմ ասել ոչնչացվել են, ես ասել եմ, գուցե պահված են ուրիշ տեղ:»,- ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ իրենց իշխանության քաղաքական պատասխանատվությունը կրում է առ այսօր:











