Քանի որ մեր երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղի ունեցավ տեղափոխություն, դրա արդյունքը եղավ ՍԴ դատավորի այն թեկնածուի առաջադրումը, որին նախընտրում են գործող իշխանության մեծամասնությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրմանը։
«Այս առաջադրումը տեղի է ունեցել քաղաքական նպատակահարմարության ներքո, եւ մի անձի կողմից, որն ուղղակի կատարում է պատվեր, որը կաշկանդված է իր կողմից կեղծ տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքով։ Հենց դա է պատճառը, որ մենք այսօր չունենք անկաշկանդ ՀՀ նախագահ, որը կարող է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պատշաճ կատարել»,–նշեց նա՝ նկատի ունենալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիության մասին ներկայացված տեղեկությունը։











