Ինստիտուտները կարող են միմյանց վրա ազդեցություն ունենալ տարբեր դրսեւորումներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խորհրդարանի ճնշման արդյունքում չէր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին:

Զեյնալյանի խոսքով, այդ ազդեցությունը փափուկ է եւ իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին՝ եթե այդպիսին համարվում է ՍԴ դատավորի թեկնածուին չքվեարկելը կամ դեմ քվեարկելը:

Հարցին, թե արդյոք ՍԴ դատավորի թեկնածուներին դեմ քվեարկելը քաղաքական որոշում էր, մինչեւ նախագահն առաջադրի Վահե Գրիգորյանի թեկնածությունը, նախարարը պատասխանեց. «Իհարկե քաղաքական որոշում էր, իրավաքաղաքական որոշում էր, չէր կարող քաղաքական չլինել»:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի անձին, Զեյնալյանը նշեց, որ նրան ճանաչում է, իրավունքի կատեգորիաներով մտածող անձնավորություն է. «Կարծում եմ՝ անաչառ է եւ կաշկանդված չէ որեւէ կարգավիճակով: Նա լավագույն իրավաբաններից մեկն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ իրավաբանների մի մասը պնդում է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը հակասահմանադրական է, քանի որ արդեն մեկ անգամ նրա թեկնածությունը ներկայացվել է եւ մերժվել նախորդ ԱԺ-ի կողմից, Արտակ Զեյնալյանն ասաց, որ Սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել:

Նա անդրադարձավ նաեւ Վահե Գրիգորյանի կալանավորված լինելու հանգամանքին՝ նշելով. «Այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը կալանավորված է եղել, իրավաբանորեն չի խանգարում, որ նա առաջադրվի ՍԴ դատավորի պաշտոնում. «Վահե Գրիգորյանն ամբողջությամբ արդարացվել է եւ ռեաբիլիտացվել է։ Վահե Գրիգորյանն ընդդեմ ՀՀ–ի գործով ՄԻԵԴ վճիռ կա, որով հաստատված է նրա անմեղությունը։ Սա չի կարող շահարկման առարկա դառնալ։ Վահե Գրիգորյանը նաեւ իր գործով շատ կարեւոր ներդրում է կատարել իրավունքի զարգացման ոլորտում»։