Երկրորդ անգամ է, որ մեր կառավարությունը բյուջեի կատարողական է ներկայացնում: Նախորդ տարվա առաձնահատկությունն այն էր, որ մեր կառավարությունը բյուջեի կատարողականի հետ ոչ մի առնչություն չուներ, որովհետեւ խոսքը 2017 թվականի կատարողականի մասին էր; Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018 թբվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս տարվա առանձնահատկությունն այն է, որ կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետեւ նոր կառավարության ղեկն ստանձնել է 2018-ի մայիսին:
«2018-ը աննախադեպ տարի էր քաղաքական առումով. 2018-ի ընթացքում տեղի են ունեցել ՀՀ նախագահի մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5 ընտրություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի մեկ ընտրություն եւ երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարեւոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը կարողացավ լուծել ամենակարեւոր խնդիրը՝ մակրոտնտեսական կայունության պահպանման խնդիրը:
Երեւի թե հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում նման մասշտաբային փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ 2018-ին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, բայց 2018-ի բյուջեի նախագծում կանխատեսվել էր 4,5 տոկոս տնտեսական աճ, 2018-ին գրանցվել է ցածր գնաճային ֆոն։
«2018-ի պետական բյուջեով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ: Թերակատարում ունենք մի փոքր ծախսային մասերով: Այսինքն՝ ծախսերը ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել, բայց սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հետ: Այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց վերաբերյալ կան հարցեր, հարուցված են քրեական գործեր եւ այդ գործերի հարուցման լեյտմոտիվը այն է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ»,-ասաց Փաշինյանը:
Նրա համոզմամբ, 2018-ին մակրոտնտեսական կայունությունը, որ հնարավոր եղավ պահպանել, երկու հիմնական պատճառ ունի. «Առաջինը, որն ուզում եմ ընդգծել, մենք պետք է գոհունակությամբ արձանագրել, որ ՀՀ-ում կան որոշակի կայացած ինստիտուտներ, որոնք հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան: Երկրորդը՝ հեղափոխության թավշյա բնույթն է, որը բազմիցս քննադատվել է: Շատ է նշվում, որ փոփոխությունների գործընթացում թավիշը շատ է, պետք է ավելի կոշտ լինի հեղափոխությունը: Իհարկե, կարող է, բայց բանն այն է, որ կառավարությունը չի կարող իր առջեւ միայն մեկ խնդիր ունենա լուծելու: Կառավարության գործունեությունը բազմաթեւ կշեռք կամ ճոճանակ է: Եթե սովորական կշեռքներն ունեն երկու նժար, կառավարությունը կառավարում է բազմանժար կշեռքով: Եթե հավասարակշռությունը խախտվի, մենք կունենանք կոլապսներ այլ ոլորտներում:
Մենք խնդիր ենք դրել լինել խիստ բալանսավորված, չկորցնել հավասարակշռությունը որեւէ ոլորտում:
Իհարկե, ՀՀ-ում կարող էինք կալանավորվածների, դատապարտյալների թվում երկնիշ, եռանիշ կամ քառանիշ աճեր ունենալ, բայց դա անխուսափելիորեն կազդեր այլ ցուցանիշների վրա:
Այն կայունությունը, որ մենք պահպանել ենք, շատ կարեւոր է եւ այս տարվա 4 ամիսների ցուցանիշները գալիս են ապացուցելու այդ մասին: Ոչ միայն նախորդ կառավարության նպատակադրումներն ենք գերակատարել, այլ նաեւ ինքներս մեր կանխատեսումները: Ուրախ եմ արձանագրել, որ մենք առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 7,1 տոկոս ՀՆԱ աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է կազմել: Սա համատեղ աշխատանքի արդյունք է»:











