ԱԺ–ի այսօրվա նյուզմեյքերը Սասուն Միքայելյանն էր։ ԵԿՄ նախագահը երկար ժամանակ խորհրդարանում չէր հայտնվել, նիստերին չէր մասնակցում եւ լրագրողների մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել։

Նախ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտի մասին։ Սասունմ Միքայելյանը չթաքցրեց՝ կոնֆլիկտ կա, իսկ պատճառն այն էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մարզպետն իր համար ոչ նախընտրելի թեկնածու էր առաջադրել  ։

Ինչու՞ Սասուն Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում։ Պատգամավորը դա կապեց ներկուսակցական խմորումների հետ ։

Պատգամավորը հերքեց համառորեն շրջանառվող տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է վայր դնել մանդատը  ։

Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն էր։ «Իմ քայլ»–ը առաջադրել էր Աննա Մարգարյանի թեկնածությունը, որը, սակայն, չընտրվեց՝ բավարար ձայներ չստանալու պատճառով։ Չարագուշակ կանխանշան էր, թե ոչ, բայց իր ելույթից հետո թեկնածուն ամբիոնից իջնելուց սայթաքեց եւ վայր ընկավ։

Հուլիսի 1–ին Հայաստանում նշում են  դատախազության օրը, այդ կապակցությամբ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարաողությանը մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եղան բազմաթիվ պարգեւատրումներ, որոնցից ամենաուշագրավը Մարտի 1–ի գործով դատախազ Կարեն Բիշարյանի պարգեւատրումն էր ԱԺ–ի նախագահի կողմից։ Արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում դատախազը վստահեցրեց, որ իր պարգեւատրումը 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ չունի  ։ 

Հունիսի 30–ին Հայաստանի 3–րդ նախագահի ծննդյան տարեդարձն էր։ 65–ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը երկու օրիգինալ նվեր էր ստացել, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում  ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շախմատի տախտակի վրա յուրօրինակ ֆլեշմոբ էր իրականացրել եւ հոլովակ պատրաստել։

Իսկ ամենաաղմկահարույցը Ռազմիկ Ամյանի երգի պրեմիերան էր՝ գրված Ավետ Բարսեղյանի խոսքերով։

Հանգստյան օրերին ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւան–Սեւան ավտոճանապարհին։ Երկու մեքենաների բախման հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2–ը։ Մահացել է մեքենաներից մեկի վարորդը եւ 2 երիտասարդ ուղեւորները՝ 21 եւ 22 տարեկան։ Վիրավորները երեխաներ են՝ 9 եւ 11 տարեկան, 2–ի վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության  ։

Մինսկում ավարտված եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականն աննախադեպ արդյունք է գրանցել՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո եւ սպորտային մարմնամարզություն մարզաձեւերում։ Այսօր Հայաստան վերադարձած չեմպիոններին օդանավակայանում դիմավորել են մեծ շուքով ։ Ի դեպ, խաղերի փակման արարողությանը ներկա էր նաև Արմեն Սարգսյանը։ Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես էր նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին նստած մտերմիկ զրուցում  ։

Դոլարը եւ եվրոն էժանացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476. եվրոյինը 540, բրիտանական ֆունտինը՝ 603, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.55 դրամ  ։

Հուլիսը Հայաստանում համեմատաբար զով եւ տեղումնառատ է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է օդերեւութաբանական կենտրոնի պետ՝ Գագիկ Սուրենյանը։ ՀՀ–ի ողջ տարածքում ջերմաստիճանը 1 աստիճանով ցածր է լինելու նորմայից, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Հանրապետության ամենաշոգ վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ամսվա ընթացքում ջերմաստիճանը միայն 2–3 օր կբարձրանա մինչեւ 38 աստիճան  ։