Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց իր որոշումը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա։ Ըստ այդմ՝ հակասահմանադրական ճանաչվեց քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որ սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ, ճանաչվեց Սահմանադրությանը համապատասխանող ։
Ինչ է նշանակում այս որոշումը, ըստ փաստաբան Արամ Վարդեւանյանի՝ առնվազն որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի ։
Սահմանադրական դատարանի շենքի առաջ՝ ինչպես երեկ, երկու ցույց էր, Քոչարյանի աջակիցներն էին եւ նրանք, ովքեր դեմ եբ նրա ազատությանը։ Սահմանադրական դատարանի որոշումն էլ երկակի ընդունվեց։
Այսօր ԱԻՆ-ի մասնագիտական տոնն էր, որ անցավ շքերթով, համերգով, ցուցադրական վարժանքով։ Միջոցառումներին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցների ղեկավարներ՝ Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը։ Նրանք պարգեւատրեցին ԱԻՆ աշխատակիցներին։
Իսկ Արատակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վթարի ենթարկված երկու աշխատակցի մեքենաներ նվիրեց։
ԱԻՆ-ի որոշ աշխատակիցների համար այս տոնը վերջինը կլինի, հոկտեմբերից արդեն համակարգում սպասվում են օպտիմալացում եւ կրճատումներ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն իշխանահաճո կադր չի համարում։ Ռուբեն Վարդազարյանը բացատրեց նաեւ ԲԴԽ-ի լռությունը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ դատավորներ վնգստում են պատերի տակ։ Ձեւակերպումը կոպիտ է, բայց վնգստացողներ այնուամենայնիվ եղել են։
Իսկ բարեվարքության ստուգման գործընթացը պարտադիր անցնելու են ԲԴԽ անդամներն ու դատավորները։
Մարգարյան ծննդատանը 2 օր առաջ 24-ամյա ծննդկան է մահացել, ըստ հարազատների՝ բժիշկների անփութության պատճառով։ Ծննդաբերությունից հետո Լուզիա Ավետիսյանին արհեստական շնչառության սարքի միացնելու անհրաժեշտություն է առաջացել, որոշել են քնեցնել՝ նարկոզ տալ, բայց ճնշումը բարձր է եղել, եւ կինը նարկոզից չի արթնացել։Իսկ նորածինը տղա է, ծնվել է առողջ, նա Լուիզայի առաջնեկն է։
«Սանիթեքը» արդեն վերջնականապես բոյկոտել է աղբահանությունը։ Երբ քաղաքապետարնը որոշեց 200 միլիոնով կրճատել ընկերության ֆինանսավորումը, Երեւանի աղբի պատասխանատուն այս որոշմանը հակադրվեց՝ հրաժարվելով աղբահանությունից։
Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որ ակտիվ տարածում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Մեքենան հոծ գիծը անցնելով հարվածում է հետիոտնին, որը եւս չթույլատրվող տեղով էր անցնում փողոցը։ Կնոջը գետնին տապալելուց հետո վարորդը հեռանում է։
Դոլարի փոխարժեքն այսօր փոքր ինչ աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 580, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 18 դրամ։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ:
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30:











