Ցավալիորեն, Նիկոլ Փաշինյան վարչապետը ձախողել է առհասարակ քաղաքացի ձեւավորելու համար անհրաժեշտ համակարգային քայլեր կատարելու առաքելությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե որքանով է ՍԴ դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու օրենսդրական նախաձեռնությունը նպաստում ՀՀ հպարտ քաղաքացի ձևավորելու հայեցակարգին։
«Ավելին, դու մարդկանց սովորեցնում ես ցածր տեսարանի, խթանում ես ամենաստորին բնազդները, որոնք ցանկացած մարդում մոտ կան, եւ նրանց սովորեցնում ես չարանալ, ուրախանալ ուրիշի դժբախտությամբ։ Արժեքի մասին կարողանում ես խոսել, երբ ինչ-որ բան գնահատում ես։ Արժեքը արժեք է, երբ ինչ-որ մեկը դա գնահատում է։ Քաղաքացին արժեք է, երբ գնահատում ես այդ քաղաքացուն՝ անկախ նրանից՝ նա քեզ հետ համաձայն է, թե ոչ։
Չես կարող ՀՀ քաղաքացուն ստիպել, որպեսզի ՍԴ դատավորին վճարի ավելի շատ գումար, քան դատավորը կստանար, եթե նա իր ժամկետի ավարտին գնար թոշակի։ Մի շատ յուրօրինակ նաեւ հոգեբանական խնդիր կա։ Եթե հետեւենք խորհրդարանի նիստին, Սահմանադրական դատարանի դատավորների հասցեին մարդկային առումով ինչքան նվաստացուցիչ բան կա, ասում են, հետո ասում են՝ դե, էս փողը վերցրու, գնա։ Ախր ո՞ր իրեն հարգող, արժանապատիվ մարդը կգնա։ Նույնիսկ նեղություն չեք կրում մարդկանց արժանապատիվ փորձել ճանապարհել։ Բայց իրավական տեսանկյունից չեք հաղթահարում Վենետիկի հանձնաժողովի եւ ոչ մի հանձնարարական՝ ոչ կամավորությունն է ապահովված, ոչ ապահովված է այն, թե ինչ է պատահելու, եթե հանկարծ բոլորը միասին որոշեն գնալ, ինչ է լինելու այդ մարդկանց վարույթներում գտնվող գործերի հետ։ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ իրենք պետք է ավարտեն, հետո գնան։ Այդ մասով ի՞նչ եք արել, ի՞նչ մեխանիզմներ եք ապահովել»,– ասաց նա։
Հարցին, թե իրականացող դատաիրավական բարեփոխումները որքանով են նպաստել համակարգի նկատմամբ վստահությանը բարձրացմանը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Չի կարող դատավորների նկատմամբ վստահությունը բարձրանալ։ Ասում են՝ դե հիմա իրանք են, փորձում են իրենց հարմար դատական համակարգ ձեւավորել՝ չհասկանալով նույն իրենց սատարող քաղաքացիները, որ իրենք իրենց գցում են թակարդի մեջ։ Այսինքն՝ երբ դուք մերժում էիք Սերժին, ինչպես ձեւակերպում էիք դա, անում էիք ազատվելու մի շարք, ձեր կարծիքով, արատավոր երեւույթներից։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանին վստահելով, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ եւ նրա մանիպուլյացիաներին տուրք տալով՝ դուք ինքներդ ապագայի համար դնում եք այդ նույն արատավոր, ավելի ահավոր արատավոր համակարգի հիմքերը։ Եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը չի խորշելու, ձեզ է մեղադրելու, հարգելի քաղաքացիներ»։
Հարցին՝ ինչպես կվարվի նախագահ Արմեն Սարգսյանը, հաշվի առնելով որ այժմ նրանից է կախված՝ կստորագրի՞ ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքը, թե՞ կուղարկի ԱԺ, Արփինե Հովհաննիսյանն ասաց. « Արմեն Սարգսյանի կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվի, նա հերթական ճանապարհորդությանը հավանաբար կմեկնի, իսկ երկրում շատ բան կփոխվի, մենք կհասկանանք հերթական անգամ, որ հանրապետության նախագահը չի ցանկանում, չի գիտակցել եւ չի կատարում իր սահմանադրական առաքելությունը։ Այդ մարդը պարզապես վայելում է այն պաշտոնը, որ ինքը իր քաղաքական եւ դիվանագիտական կարիերայի ավարտին երազում էր, ինչպես իշխանության ներկայացուցիչներից բոլորը»։
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը պիտի իր խոսքը ասի։
«Իրականում նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշումից շատ բան է կախված։ Իրենք պետք է ցույց տան՝ ինչպես են վերաբերվում այն մարդկանց, ովքեր իրենց վիրավորում են, ստորացնում են, անվանարկում են, սպառնում են։ Առհասարակ, մի խոսք կա, ասում են՝ արժանապատվությունը ատելություն է վախի նկատմամբ։ Իրենք պիտի ցույց տան, որ ատում են այն վախը, որ իշխանությունները սերմանում են իրենց մեջ տարբեր բաների հետ կապված, եւ ես հուսով եմ, որ այդ մարդիկ, շատերին անձամբ ճանաչելով նաեւ, կկատարեն այն առաքելությունը, ինչի համար եկել են այդ մարմին։ Եվ այդ ժամական մենք գոնե շանս կունենանք միահեծան իշխանություն չունենալու, շանս կունենանք իրականում առաջին քայլն անելու դատական համակարգի բարձր դատարանի անկախությունը ապահովելու ուղղությամբ։ Անկախությունը հենց այսպես է ձեռք բերվում, ոչ մեկ անկախություն հենց այնպես նվեր չի ստանում, դա ջանք է, ճանապարհ է, քարքարոտ ուղի է, դա գեղեցիկ եւ հարդարված արահետ չէ, մացառոտ ճանապարհ է, որի ընթացքում պիտի քայլ անես։
Ես իմ դիրքորոշմամբ նախորդ տարվա իրադարձությունների նկատմամբ, չնայած այն ահռելի ճնշումներին, անբարո վարքագծին, մեր տուն ուղարկված մարդկանց պահվածքին եւ բազմաթիվ այլ հանգամանքների, ցույց եմ տվել, որ ինձ համար արժեքային համակարգը դա գաղափար է, ոչ թե մարդիկ են, ոչ թե ինչ-որ նյութական կամ շոշափելի բաներ են, դա արժեհամակարգ է, դա ճանապարհ է, հարգանք է քո անցած ուղու նկատմամբ, եւ եթե ունես համոզմունք, ապա այդ համոզմունքդ պիտի պաշտպանես, ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է լինելու»,– ասաց նա։











