Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի սահմանամերձ շրջանները։ Պատասխան կրակով հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդին։ Երկրորդ նախագահը ստիպված է եղել արձագանքել վիրավորանքին։ Դատավորի կարգադրությամբ կարգազանցները հեռացվել են դահլիճից։ Նախկին նախագահին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է. Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգողը համարում է, որ նրա խափանման միջոցի փոփոխությունը պետք է դարձնել հանրային պահանջ։ Երկրում օպերատիվ կառավարման ճգնաժամ է։ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը համոզված է՝ ձախողումները, տապալումները, սխալները եւ թերություններն անխուսափելի են։ Քրեական գործերի անվերջանալի, ապօրինի, փնթի եւ ուղղորդված տրցակներ. անցնող տարին ամփոփել է արդարադատության նախկին նախարարը: Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ Փաշինյանն ինքն իր դեմ է պայքարում։ Ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն։ Ռազմիկ Աբրահամյանին կասկածում են ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: Մանկասպան մոր գործը կուղարկվի դատարան։ Գյումրիի 20-ամյա բնակչուհին մեկամյա դստերը կապկպելուց հետո թողել էր աղբամանում։ Լեոնարդո դի Կապրիոն պարել ու ռեփ է կարդացել. մինչդեռ տոնախմբության առաջին կեսում նա փորձում էր աննկատ մնալ։
«Անցած գիշեր ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ու գնդացիրներներից կրակել են Տավուշի մարզի ուղղությամբ։ Հակառակորդի գործողությունները դադարել են միայն Հայաստանի Զինված ուժերի պատասխան կրակից հետո։ Հայկական կողմից կողմից կորուստներ չկան։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։
Հայաստանի երկրորդ նախագահի գործով Վերաքննիչ դատարանի նիստը սկսվել է նախորդ նիստում դատավոր Լուսինե Աբգարյանին՝ պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության մերժմամբ։ Ավելի վաղ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնել։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակելը մերժելու մասին։
Դատավարության ընթացքում ելույթի իրավունքից հրաժարված Ռոբերտ Քոչարյանը միտքը փոխել է, երբ նրա հասցեին տուժող կողմից հնչել է «սպառնալիք է ներկայացնում պետականությանը» արտահայտությունը։ «Մոլորակի վրա հայկական երկու պետություն կա։ Երկուսն էլ ես ղեկավարել եմ»,- հիշեցրել է նա՝ փաստելով, որ ղեկավարել է Արցախի Հանրապետությունը պատերազմի ողջ ընթացքում, եղել է Անկախության հռչակագրի հեղինակը։ «Հայաստանում 10 տարի նախագահ եմ եղել։ Մինչ այդ Հայաստանը միջազգային վարկանիշում աղքատ երկրների շարքում էր»,- հիշեցրել է Քոչարյանը, որի խոսքը տուժողներն ընդհատել են։ Դատավորը կարգադրել է դուրս բերել դահլիճից բոլոր նրանց, ովքեր խանգարում են դատավարությանը։
Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ։ Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի երկու օրից։
Ռոբերտ Քոչարյանի ազատության նորաստեղծ հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը լրագրողներին հիշեցրել է, որ ժամանակին տարբեր բնագավառների մոտ 100 գործիչ հայտարարությամբ իշխանությանը կոչ էր արել ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին, եւ հույս էր հայտնել, որ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա: 2 ամսում այդ հայտարարության տակ մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա, սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, ասել է Վարդանյանը:
Մենք այսօր ունենք գործող նախագահ, որի օրոք երկրորդ նախագահն ապօրինի կալանքի տակ է, երրորդ նախագահին անհեթեթ մեղադրանք է առաջադրված, բայց այդ նախագահը որեւէ կարծիք, տեսակետ, խոսք այս թեմայով չունի, ասել է Աղվան Վարդանյանը եւ ավելացրել. «Մենք ունենք հոգեւոր առաջնորդներ, հեղինակավոր մարդիկ, որոնք բարոյական, հոգեւոր հարթությունում անելիք ունեն: Արցախի նախկին ու գործող նախագահները միջնորդությամբ հանդես եկան եւ նրանց հետ ոչ մի վատ բան չեղավ, եւ գործող նախագահը եւս այս առումով մտածելու բան ունի»:
Արցախյան համակարտության կարգավորման հարցում կա 2007 թվականին ընդունված մեկ կետ, որը բոլոր իշխանությունների համար պետք է դառնա ելակետային, լրագրողներին ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դիրքորոշումները երբեւէ 100 տոկոսով չեն համընկել եւ չեն կարող համընկնել։ Նույնիսկ Քոչարյանի եւ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ, հետեւաբար 100-տոկոսանոց համաձայնության մասին խոսելն ուղղակի անհեթեթ է»,- նշել է նա։ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ ցանկացած քայլ, ըստ Ղազինյանի, անմիջապես կհանգեցնի այդ օրենքի ընդունման գործընթացի ակտիվացման։
Հայաստանի նոր իշխանությունները 1,5 տարում դեռեւս չեն կարողացել հասկանալ, ընկալել կառավարման կարեւորագույն գործառույթների տրամաբանությունը, հայտարարել է Արթուր Ղազինյանը։ Ըստ նրա՝ կառավարման գործընթացն իրականացվում է երեք բաղադրիչով՝ կազմակերպում, ղեկավարում, համակարգում։ Այսօր իշխանության բարձրագույն օղակներում գտնվող մարդիկ չունեն այս բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն եւ գիտելիքներ, հետեւաբար ձախողումները, տապալումներն ու սխալներն անխուսափելի են»,-ասել է նա ու ընդգծել, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: «Եթե պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ի՞նչ է փոխանցում մեր քաղաքացիներին՝ խոսելով անդադար, շատ եւ երկար», հարցրել է նա:
Եթե անցնող տարվա ընթացքում փոփոխությունները քրեական գործերի անվերջանալի տրցակներն են, ապօրինի, փնթի եւ ուղղորդված, ապա այդ ուղղությամբ ունենք մեծ առաջընթաց, news.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։ Նա դժվարացել է որեւէ ձեռքբերում առանձնացնել։ Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է հասկանալ, պետական համակարգից դժգոհ վարչապետն արդյոք հասկանո՞ւմ է, որ ինքը պետք է ռազմավարություն ունենա, առնվազն խնդիր ձեւակերպի եւ ասի, որ դրա լուծումն է ակնկալում իր նախարարներից։ Ինչպես է պատահում, զարմանում է Հովհաննիսյանը, որ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրեն սիրող զանգվածների գլխում հաղթահարվի աղքատությունը, իսկ իր մերձավոր շրջապատի գրպանում դա տեղի ունենա։ Համակարգային եւ ինստիտուցիոնալ մտածողության բացակայությունը, Հովհաննիսյանի խոսքով, խանգարում է պարոն Փաշինյանին հասկանալ՝ ի՞նչ է կատարվում երկրում, ինչն ակնհայտ է արտաքին քաղաքական օրակարգից մինչեւ ներքաղաքական խնդիրներ։ Ըստ արդարադատության նախկին նախարարի՝ չի կարելի փողոցում հարցախույզի օգնությամբ որոշել դատարանների վստահության մակարդակը։
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը գրեթե վստահ է, որ Դավիթ Խաժակյանը կշարունակի պաշտոնավարել որպես Երեւանի ավագանու անդամ։ «Լուսավոր Հայաստանը», ի դեմս Էդմոն Մարուքյանի, Զոհրաբյանի խոսքով, փորձեց տարաջատվել «Լույս» խմբակցության մյուս երկու անդամներից, որոնք այլ կուսակցություն են ներկայացնում եւ նրանց քաղաքականությունը չի համընկնում «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումներին։
Ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Երկրում հայտնի մանկաբարձը ձերբակալվել է ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով Քննչական կոմիտեում քննվող գործով:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են նաեւ նույն ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը եւ «Երեւանի մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը: Նախաքննությունը շարունակվում է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին, Գյումրիի 20-ամյա բնակչուհին կպչուն ժապավենով կապել է իր մեկամյա դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, եւ նրան թողել արբարկղում։ Երեխան մահացել է շնչահեղձությունից։
Բրիտանական Լեսթեր քաղաքի 2-ամյա բնակչուհի, Բենջամին Բաթոնի համախտանիշն ունեցող Իսլո Քիլպատրիկ-Սքրիթոնը վերածվում է ծեր կնոջ: Բժիշկների հսկողության տակ գտնվող աղջնակի «ոսկորների դեֆորմացիա» մուտացիայի պատճառով նրա օրգանիզմի բջիջները սովորականից ավելի արագ են ծերանում: Ծնողները նրան կատակով «տատիկ» են անվանում:
Լեոնարդո դի Կապրիոն ռեփեր Փաֆֆ Դիդիի 50-ամյակի տոնին երկար ժամանակ իրեն զսպելուց հետո նետվել է պարահրապարակ։ Ընդ որում, սկզբում նա ձգտել է աննկատ պարել, նույնիսկ փորձել է դեմքը թաքցնել գլխարկով, որը հաճախ է կրում է հանրության շրջանում։ Բացի այդ՝ փորձել է ռեփ կարդալ, ավելի ճիշտ՝ նմանակել է ռեփ կատարողին։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով եւ կազմել 477.54 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.56 դրամով ու կազմել 531.69 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.59 դրամով ու կազմել 626.15 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է փոխվել ու կազմել 7.63 դրամ։
Հայաստանում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Երեւանում նույնպես տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-ից -2, վաղը ցերեկը՝ +12+14:











