Ինքնության հետ կապված հարցերը առաջնահերթություն են համարվում, այդ հանձնարարականը տրված է. թե հայագիտական առարկաների ուժեղացումը, թե դրանց ուսումնասիրումը մեր առաջնահերությունն են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հատկապես դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ ընդհանուր համատեքստում կա կանխավարկած, որ մեր երեխաները դպրոցում չպետք է պատմություն, գրականություն, հայոց լեզու սովորեն. «Հետո երբ մի կերպ ծանոթով մեր երեխաներին ընդունում ենք բուհ, այնտեղ պետք է արդեն զրո դասարանի կուրսը ինժեներական ֆակուլտետներում նորից կրկնենք: Չի կարող այդպիսի բան լինել: Այո, եկեք խոստովանենք, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում, եւ երբ նախորդ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ստուգելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, ամբողջ կրթական համակարգը աղմուկ հանեց: Որովհետեւ պետք է պարզվեր, որ այն, ինչ մատյաններում առկա գնահատականները, գիտելիքները իրար հետ չեն բռնում»,-ընդգծեց Փաշինյանը:
Նշենք, որ վերջին շրջանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, մասնավորապես ՀՅԴ երիտասարդների կողմից, որոնք դեմ են արտահայտվում բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն:











