Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս 7 քաղաքացու վերաբերյալ գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հարցաքննվեցին գործով տուժողներ Հովհաննես Սարգսյանը, Արտակ Խուլյանը եւ Արամ Բադոյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստին տուժող կողմին բերման ենթարկելու որոշում էր կայացվել։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։

Գործով տուժող Հովհաննես Սարգսյանն ասաց, որ չի պատրաստվում հաջորդ դատական նիստին ներկայանալ, քանի որ զբաղված է. «Ինչ լինելու է՝ այսօր անենք, որ ես էլ չեմ կարող գալ դատական նիստին. բերման էլ ենթարկեք՝ չեմ գա»:

Նա պատմեց, որ 2018 թվականի ապրիլին կատարված իրադարձություններին ինքը վարել է կապույտ գույնի «ՎԱԶ 21 07», եւ այդ օրը գնում էր աշխատանքի, Էրեբունի թաղամասում էր, երբ իր մեքենայի վրա քարեր են ընկել եւ վնասել մեքենան.

«Մեկ-մեկ հիշողությունս կորցնում եմ: Ես չեմ տեսել, թե մեքենայիս վրա քարերը ո՞ր մասից են գալիս կամ ո՞վ է գցել այդ քարերը մեքենայիս վրա: Չէի պատրաստվում հաղորդում տալ, պարզապես տելեվիզրով տեսա, որ վարչապետն ասում էր՝ մեքենադ բեր, կսարքենք: Թե չէ ես իրոք ոչ մեկի չեմ տեսել»:

Տուժողը բացատրեց, թե ինչու նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը որոշ առումներով չի համապատասխանում դատաքննության ժամանակ տված ցուցմունքին. «Ոստիկանն է գրել իմ փոխարեն, ես էլ ստորագրել եմ: Բայց ի՞նչ իրավունք ունի օրենքի մարդը իմ փոխարեն գրելու: Ինչի համար էր նա ինձ վրա մուննաթ գալիս, հարգալից չէր խոսում»:

Դատախազն էլ արձագանքեց տուժողի հայտարարությանը, եւ տեղի ունեցավ վիճաբանություն. «Ես չգիտեմ՝ հավանաբար նկատի ունեք քննիչին, նա իրավունք ունի, որ ուզում եք իմանալ, այստեղ դուք չեք հարցեր տվողը»:

Գործով մյուս տուժող լրագրող Արտակ Խուլյանը պատմեց, որ քաղաքացիներին բռնության էին ենթարկում, քաղաքացիների թվում կային նաեւ կանայք, երեխաներ, ինչպես նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ. «2018 թվականի ապրիլի 22-ին ես եւ իմ գործընկերները գտնվում էինք Էրեբունի փողոցում, երբ ցուցարարների մոտ խուճապ տարածվեց, թե քարերով քաղաքացիական անձինք են հարձակվում, մարդիկ գոռում  էին՝ ժողովուրդ, փախեք։ Այդ ընթացքում չհասցրի մի կողմ քաշվել, տեսնեմ՝ առջեւիցս գալիս էին մի խումբ դիմակավորված, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք երիտասարդ տղաներ էին։ Մեր ուղղությամբ քարեր էին նետում, ու նրանցից մեկն էլ ինձ մոտեցավ եւ բութ գործիքով գլխիս հարվածեց, այնուհետեւ էլեկտրաշոկի ենթարկեցին։ Տարածքի բնակիչները, ցույցի մասնակիցները գոռում էին՝ թողեք լրագրողին։ Միայն դրանից հետո ինձ բաց թողեցին»:

Տուժողը հայտարարեց, որ դեպքի վայրից եղել են տեսագրություններ, որտեղ դիմակավորված անձանց գործողությունները երեւում են:

Գործող մյուս տուժող Արամ Բադոյանն էլ շեշտեց, որ շատ բաներ դեպքից չի հիշում, քանի որ անցել է երկար ժամանակ, եւ լինում են դեպքեր, երբ կորցնում է հիշողությունը:

Նա պատմեց, որ ընկերների հետ մասնակցում էր 2018 թվականի ապրիլի իրադարձություններին։ Եվ մանրամասներ նաեւ դեպքից.«Դիմակով էին, մեզ մոտեցան, մենք փախանք։ Շատ մարդիկ էին հավաքված, վիճում էին, բարձր խոսում էին։ Եկա, տեսա, որ մեքենայիս ապակին կոտրված է։ Փողոցում կային նաեւ առանց դիմակի մարդիկ»:

Դատախազի հարցին՝ արդյոք ինքը հրազեն նկատե՞լ է դիմակավորված անձանց մոտ, տուժողը պատասխանեց, որ չի նկատել.

«Մի ոստիկանի ձեռքին եմ տեսել դուբինկա: Ինձ հարվածել են, երբ փախչում էի, հարվածել են մեջքիս: Դիմակավոր անձինք փակել էին ճանապարհը, որ Երեւան չգնայինք»։

Տուժողը պատմեց, որ դեպքի վայրում հնչել է կրակոց. «Հնչել է կրակոց, իմ հեռախոսն էլ մեկը վերցրել ու զանգել է շտապ օգնություն։ Աներոջս որդու գլխից արյուն էր գալիս, ընկերոջս՝ Արայի վրա ոչինչ չեմ նկատել։ Ընկերոջս՝ Աբրահամին դանակով խփել են գխին, գլուխն էլ ծակվել էր։ Մի հոգու ոտքն էր վիրավորված,եւ շտապ օգնություն էր եկել: Հետո ասացին՝ Մասիսի քաղաքապետն ա եկել։ Ես այնտեղ քաղաքապետին գուցե տեսել եմ, իրեն դեմքով չեմ ճանաչել։ Քաղաքապետն է զանգել, եւ բերման ենթարկված մեր ժողովրդին հետ են բերել»:

Գործով մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրապարակել նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ դատախազի՝ ցուցմունքների միջեւ առկա էր տարբերություն:

Տուժողն էլ հայտարարեց, որ անգրագետ է եւ իր փոխարեն նախաքննական ցուցմունքը գրել է քննիչը:

Նախաքննական ցուցմունքում ասվում էր, որ դիմակավորված անձանց մոտ կար զենք: Ինքը լսել է ոչ թե կրակոցի, այլ պայթյունի ձայն:

Տուժող Արամ Բադոյանն էլ կրկին պատճառաբանեց, որ լավ չի հիշում դեպքի մանրամասները:

Դատական նիստն հետաձգվեց, քանի որ դատավորն այդ ժամին ուներ մեկ այլ դատական նիստ: Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը: