Մենք ասել ենք, որ քննարկում ենք Երեւանի ավագանիում մեր մասնակցության հարցի վերանայումը, եթե որոշենք, որ չենք մասնակցում Խաժակյանի դեմքով, ուրեմն չենք մասնակցում, եթե որոշենք, որ մասնակցում ենք, կհայտարարենք, թե ինչպես: Այս մասին, այսօր՝ դեպտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ մանդատից հրաժարվելու հավանականությանը:

Դիտարկմանը, որ Դավիթ Խաժակյանը նշել է, որ չի ցանկանում լքել Երեւանի ավագանին, Մարուքյանն արձագանքեց. «Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի, ինքն է ասել, որ խնդիր ունի: Ինքն ասում է՝ խնդիրը լուծվի, ես կմնամ: Դուք ասում եք՝ Խաժակյանը չի ուզում, կարծես թե ես ասել եմ՝ դուրս արի, ինքն էլ դիմադրում է: Խաժակյանը մեզ հետ պրոբլեմ չունի:

Մի երկու տխմար վերլուծություն եմ տեսել, որ իբր թե իշխանությունը մեզ ճնշում է, որ մենք Խաժակյանին հետ կանչենք, մարդիկ հա´մ մեզ չեն ճանաչում, հա´մ իշխանությանը չեն ճանաչում, եթե նման բան են գրում, մտածում: Երևի մտածում են, թե իրենց ժամանակներն է, որ իրենց զանգում էին, որ իրենք բան անեն: Հիմա ո´չ զանգողները կան, ո´չ էլ այդ անողները կան: Ոչ իշխանությունն է զանգող, ոչ էլ մենք ենք անող, եթե զանգեն, հետեւաբար ես ուղղակի ապշած եմ այդ արձագանքից: Էդ ասողը հա´մ Նիկոլին չի ճանաչում, հա´մ ինձ»,-ասաց նա: