2020-ը աշխարհը սկսեց Մերձավոր Արեւելքում լարվածության անսպասելի ու աննախադեպ աճով։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգների զորքերի հրթիռային հարձակման հետեւանքով սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Դրանից հետո աշխարհը սկսեց խոսել Մերձավոր Արևելքում լիովին նոր իրավիճակի մասին։ Գեներալը սպանվել էր Իրաքի տարածքում, Բաղդադի օդանավակայանից բարձր մակարդակի հանդիպման ուղեւորվելիս։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ամերիկյան վերնախավում ոչ միանշանակ ընդունված գործողության հրամանն արձակել էր անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարձակումը կատաղի արձագանքների արժանացավ գեներալի հայրենիքում։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց միջազգային ահաբեկչության համար եւ խոստացավ համարժեք վրեժով պատասխան հարվածներ հասցնել ամերիկյան շահերին։
Իրանի առաջնորդների հայտարարությունից հետո Թրամփը շեշտեց, որ իրանական մշակույթի 72 արժեքներ կհայտնվեն ամերիկյան հրթիռների թիրախում։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի համար կենսականորեն կարեւոր 35 թիրախներ իրանական ուժերի հասանելիության սահմանում են:
Ֆեյսբուքի հայկական տիրույթում Մերձավորարեւելյան զարգացումների բուռն քննարկմանն արձագանքեց Հայաստանի քաղաքական իշխանությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ համապատասխան ինստիտուտները զբաղվում են իրավիճակի վերլուծությամբ, իր ձեւակերպմամբ՝ «տնայնագործ գեոպոլիտիկներին» վարչապետը կոչ արեց հանգիստ նստել տեղները։ Այնուհետեւ Արտանիշ լեռան գագաթից սոցցանցի ուղիղ եթերում խաղաղության ուղերձ հղեց Իրանի ու Միացյալ Նահանգների նախագահներին։
Ֆեյսբուքում թեման նոր զարգացում ապրեց «Դիանա Հարությունյան» անունով օգտատիրոջ գրառումից հետո։ Նա գրել էր, թե իբր վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ իրանցի գեներալի սպանության կապակցությամբ։ Փաշինյանը դա համարեց սպառնալիք ազգային անվտանգությանը, իսկ ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերեց այդ անվան տակ հանդես եկող տղամարդուն և ձերբակալեց։ ԱԱԾ–ն հրապարակեց տեսանյութ, որտեղ ձերբակալված, որի ձայնը փոխված էր, դեմքը՝ փակ, հայտարարեց, թե երկրորդ նախագահ Քոչարյանի կողմնակիցն է։ Այս դրվագը ծաղրեցին արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ սա իշխանությունների կողմից բեմադրված ներկայացում է։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ԱԱԾ–ին խորհուրդ տվեց հաջորդ անգամ նման տեսանյութ պատրաստելիս կասկածյալի ձեռքը պիցցա տալ՝ ավելի արժանահավատ երևալու համար։
Իրանի շուրջ իրավիճակը գնալով թեժացավ։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահն Իրանում վերածվեց վրդովմունքի եւ հակաամերիկյան տրամադրությունների ալիքի։ Նրա հուղարկավորության ժամանակ հրմշտուքից զոհվեց 5 տասնյակից ավելի մարդ։ Նրան այսօր հուղարկավորեցին հայրենի Քերման քաղաքում։
Իրանը Սոլեյմանիի սպանության պատասխանը տվեց 5 օր անց։ Գիշերը նույն ժամին, երբ սպանվել էր իրանցի հրամանատարը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ արձակեց Իրաքում երկու ամերիկյան ավիաբազաների վրա:
Հրթիռակոծումից զոհվել է մոտ 80 մարդ։ Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ իրանական հրթիռներն ընկել են Իրաքում ավիաբազայի այն հատվածի վրա, որտեղ ամերիկացի զինծառայողներ չեն եղել, իսկ զոհվածներն էլ իրաքցիներ են։
Տարվա առաջին աշխատանքային օրը շնորհավորելուց հետո Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել տարածաշրջանային զարգացումները: Վարչապետն ընդգծել է. «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի ոչ հակաիրանական, ոչ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ, եւ մեր հույսն ու կոչն է բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»:
Հունվարի 8-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան է բացվել Սոլեյմանիի հիշատակին։ Դեսպանատան մոտ ծաղիկներ են դրել ու մոմավառություն իրականացրել Հայաստանում գտնվող իրանցիները։
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Իրանի փոխդեսպան Մոթաղին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։
Այսօր առավոտյան Ուկրաինական ուղեւորատար օդանավը 180 ուղեւորներով եւ անձնակազմի անդամներով վթարի է ենթարկվել Թեհրանում։ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական խնդիրների պատճառով։ Համացանցում է հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման տեսանյութը։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։ Ի դեպ, նույն օդանավը նախօրեին իրականացրել էր նաև Երևան–Կիև թռիչքը։
2020-ի առաջին օրերին Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Հունվարի 6–ին մարտական դիրքում հայտնաբերվել է 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանի դին՝ հրազենից ստացած վնասվածքով։ Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն գործելու հոդվածով։ Պայմանագրային զինծառայողը տավուշի մարզի Բերդ քաղաքից էր, մեկ երեխայի հայր։
Տոնական օրերին Հայաստանի հանրությանը ցնցեց Երեւանի կենտրոնում 16-ամյա աղջկա սպանությունը։ Պարզվեց, որ հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում վարձակալ բնակարանում 16-ամյա աղջկան խեղդամահ են արել։ Սպանության կասկածանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանը։ Նա Գյումրիից է, ծառայում է Պաշտպանության նախարարությունում: Ռաֆայել Սուքիասյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Տոնական օրերին հանրապետության բժշկական կենտրոններ է դիմել պայթուցիկներից եւ հրավառություններից տուժած 95 անձ, որոնցից 29-ը երեխա է, 11-ը՝ դեռահաս։ Տուժածների մեծ մասը ստացել է դաստակի և նախադաստակի, 18-ը՝ դեմքի վնասվածքներ։ Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների՝ 65, ալկոհոլային թունավորման՝ 14 դեպք։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն նախորդ օրվա համեմատ աննշան աճել է ու կազմել 479.76 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.10 դրամով ու կազմել 534.16 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով ու կազմել 628.39 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է նվազել ու կազմել է 7.75 դրամ։
Հանրապետության տարածքում հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում հնարավոր են թույլ տեղումներ: Առաջիկա գիշերը երեւանում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան:











