Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը եւ դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կնշեի մի քանի սկզբունքային հարցեր, որոնք այսօր քննարկել ենք. առաջին՝ որ հարցերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից եւ վերազգային գործառույթները փոխանցել վերազգային մարմնին՝ Կոլեգիային»,- լրագրողներին ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով, որն այսօր ընթացել է Ալմաթիում:
Նրա խոսքով՝ սա կարեւոր բանավիճային հարց է: «Որովհետեւ եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա դա նրան թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ցանկանում ենք մեր միությունը խորացնել, ակնհայտ է՝ բոլորը համաձայն են, որ կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին»,- նշեց նա:
Ընդ որում՝ նա շեշտեց, որ եթե ազգային կառավարություններն այդ հարցերում հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը:
«Սա այնպիսի սկզբունքային, կարեւոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մեզ կհաջողվի այս հարցում համաձայնության գալ»,- ամփոփեց նա:





























