Ամբողջովին կիսում եմ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների տեսակետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր բէջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այսօր մեկնաբանություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
1. Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։
Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև։
2. Համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է։
3. Համազեկուցողներն արձանագրում են, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն իրավիճակը փորձում են հանգուցալուծել իրավական ճանապարհով։ Սա կարևոր արձանագրում է։
4. Համազեկուցողներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները դատավորների ինքնակամ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ներդնելուց առաջ ստացել էին Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դրա վերաբերյալ, և որ իրենք հետևելու են դրա հնարավոր իրագործման ընթացքին։
5. Համազեկուցողներն ընդգծել են, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ գործող սահմանադրության ոգին իրագործելը լեգիտիմ է։ Սա ևս շատ կարևոր արձանագրում է։
6. Համազեկուցողները նշում են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի Հայաստանում արդեն իսկ սկսված և պլանավորված բարեփոխումների ընթացքը։
Կիսում եմ նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից։ Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, և վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»,-նշել է նա։
Ֆեյսբուքյան օգտատերերը մատնանշում են, որ Ռուբինյանն ընտրողաբար է մեջբերել համազեկուցողներին, մասնավորապես իրավապաշտպան Արսեն Բաբայանը Ռուբինյանի էջում գրել է. «Ձեր այդ օրենքի նախագիծը, ինչով փորձում եք Սահմանադրությունը փոխել շրջանցելով ՍԴ-ն ու Հանրապետության նախագահին (մոնարխիայի հաստատմամբ) և դրա հետևանքով ազատվել ՍԴ-ի գործող դատավորների մեծամասնությունից, եթե ընդունեք՝ կհամոզվեք, որ ԵԽԽՎ-ի այս ծանր արձագանքն ընդամենը ժուռնալն է»: Բաբայանը հիշեցրել է, որ բազմիցս զգուշացրել է, սակայն «չեք լսել ու ԵԽԽՎ-ից այս ծանր հարվածն եք ստացել: Ժամանակն է վերջապես խելքներդ գլուխներդ հավաքելու: Հիմա էլ եմ զգուշացնում, եթե այդ հակապետական օրենքն ընդունեք կտեսնեք, թե գլխներիդ ինչ կգա: Իսկ եթե գոնե մոտավոր պատկերացում ունեք, թե ինչ է նշանակում իշխանության ճյուղերի տարանջատում, ապա փորձեք գոնե երեք նախադասությամբ դա ներկայացնել ու վերլուծել, թե այդ օրենքն ինչպես է դա խախտում»:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին պետ Կնյազ Սարոյանը, դիմելով Ռուբինյանին, նշել է. «Պարոն Ռուբինյան, իսկ որքանո՞վ է այս հայտարարության տեքստը համապատասխանում Ձեր կուսակցական գործընկերոջ կողմից երեկ շրջանառության մեջ դրված նախագծի բովանդակությանը: Արդյոք ուղղակի հակասություն չե՞ք տեսնում նախագծի և այս հայտարարության միջև, բացի այդ՝ ո՞ւմ է վերագրվում անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը, Հրայր Թովմասյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին»:





























