ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը զերծ մնաց Վերաքննիչ դատարանի որոշմանը գնահատական տալուց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քրեական վերաքննիչ դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նյութերի` պաշտպանությանը տրամադրելու որոշման կապակցությամբ: Դատախազությունը կարծում է, որ նյութերի հրապարակումը կամ անգամ փաստաբանների ծանոթությունը դրանց կարող է վնաս հասցնել այլոց շահերին:
Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: «Եթե Վճռաբեկ դատարանը նպատակահարմար կգտնի արտահայտվել օրենքի կիրառման միատեսակության կապակցությամբ, ապա կսկսի գործի քննումը և որոշում կկայացնի»,- նշեց դատախազը: Նրա խոսքով՝ օրենքում բաց չկա, սակայն կա օրենքի միատեսակ կիրառման հարցը: «Այս պահի դրությամբ մենք չենք կարող գնահատական տալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշմանը», - հավելեց դատախազը՝ հիշեցնելով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում է, թե երբ է հնարավոր ծանոթանալ նյութերին:











