Ցանկանում եմ՝ ասեք, թե այս երկու տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումներն է տապալել Սահմանադրական դատարանը։ Այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական փոփոխություն կատարելու հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստին այսպիսի հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով զեկուցող Վահագն Հովակիմյանին։
«Երբ ասում եք, որ քաղաքացիները ցանկանում են, որ ՍԴ կազմը փոխվի, ուզում եմ ասեք, թե այս հարցով քանի՞ ՀՀ քաղաքացի է դիմել ՍԴ և բախվել անարդարության պատի»,- հարցրեց Մարուքյանը։
Հովակիմյանն ի պատասխան ասաց․ «Ես չէի ասում, որ ՍԴ-ն քաղաքացնրի դիմումները քննարկելը տապելել է, ես խոսում էի սահմանադրության երկրորդ հոդվածի իրենց կողմից անտեսված լինելու մասին տասնամյակներ շարունակ։ Այն ժամանակ, երբ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, այս նույն երևույթի դեմ եք պայքարել։ Հենց խնդիրը նրանում է, որ այսօր հանրությունը այդ ՍԴ-ին չի վստահում, չի վստահում, որոհետև այդ ՍԴ-ն 2 տասնամյակից ավելի ոտնատակ է տվել ժողովրդի իշխանությունը։ ըստ էության ես պատասխանեցի երկրորդ հարցին, թե քանի դիմում է մերժվել»։
Մարուքյանն կարծիք հայտնեց, որ երբ ՀՀ քաղաքացիները նշում են, որ չեն վստահում դատական համակարգին, խոսքը առաջին ատյանի, վարչական և վճռաբեկ դատարանների մասին է, ապա հետաքրքրվեց, որևէ բարեփոխում տապալե՞լ է ՍԴ-ն, որին Հովակիմյանն արձագանքեց․ «Ես իմ խոսքում չեմ ասել, որ ՍԴ-ն չի խանգարել, ընդհակառակը իմ ելույթն այն մասին էր, որ ՍԴ որոշ անդամներ զբաղված են բարեփոխումները կանգնեցնելով»։











