Երբ հարց է հնչում, թե ինչպե՞ս եք համարձակվում առանց Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական հանրաքվե իրականացնել, դրանով ենթագիտակցաբար մեր ինքնիշխանությունը հարվածի է ենթարկվում, ստորադասվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, որով նրանք կոչ են անում սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Հարցին, թե ականջալուր կլինե՞ն ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա արձագանքեց. «Այդ հարցի պատասխանն իմ տիրույթում չէ, այլ արդեն ԱԺ նախագահի տիրույթում, որովհետեւ դա արդեն ընդունված իրավական ակտ է: Ես ոչ անպայման ուղարկելու, ոչ էլ չուղարկելու փաստարկաները չեմ կարող նշել: Եթե դիտարկենք որպես կարծիք, ցանկացած կարծիք կարեւոր է: Վենետիկի հանձնաժողովն ինքը խորհրդատվական մարմին է: Այս դեպքում ԱԺ նախագահը կորոշի»:

Դիտարկմանը, թե մտահոգիչ չե՞ք համարում, որ ԵԽԽՎ համազեկուցողները նման հայտարարություն են տարածել, Վահագն Հովակիմյանն ասաց. «Մենք խոսում ենք սահմանադրական հանրաքվեի մասին, որը Սահմանադրության երկրորդ՝ անփոփոխելի հոդվածով ամրագրված գործընթաց է: Դա ժողովրդի իշխանության ուղղակի իրացման գորրծընթաց է, ՀՀ ժողովրդի ինքնիշխանության գործընթաց է: Հանրաքվեն Հայաստանի ժողովրդի իշխանության իրացման ուղղակի միջոցն է»:

Նա ընդգծեց, որ ԵԽԽԽՎ անդամ երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով երեկ իրենք առաջնորդվել են. «Այսինքն այդ 95 տոկոսի մոտ խորհրդարանը սահմանադրական փոփոխության նախագիծը ընդունում է եւ ներկայացնում է հանրաքվեի: Ընդամենը երկու երկրում է, որտեղ կա կարգավորում, որ նախագիծը կարող է նաեւ ՍԴ գնալ. դա Ուկրաինան է եւ Մոլդովան: ՍԴ-ի հետ կապված, օրինակ, Ուկրաինայում առաջացավ ճգնաժամ»:

Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ 2003 թվականին Ուկրաինայի նախագահ Կուչման սահմանադրական փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել ՍԴ, որը հնարավորություն կտար իրեն պաշտոնավարել երրորդ ժամկետով. «ՍԴ-ն ասում ՝ այո, կարող եք, ու դրա արդյունքում Ուկրաինայում տեղի է ունենում հեղափոխություն: Գալիս է նոր իշխանություն, նոր նախագահ եւ սկսում է բարեփոխումներ: ՍԴ-ն սկսում է իր գործիքակազմով խանգարել բարեփոխումներին: Դա շատ նման է հայաստանի իրավիճակին»:

Հարցին, թե ցույց տվեք մի օրինակ, երբ ՍԴ-ն խոչընդոտել է բարեփոխումներին, «Իմ քայլը» պատգամավորն արձագանքեց, որ երեկ ԱԺ ամբիոնից այդպիսի բազմաթիվ օրինակներ բերվեցին, մասնավորապես ԲԴԽ-ի լիազորությունների սահմանափակման հետ կապված:

Նա անդրադարձավ նաեւ ԲՀԿ-կան պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պնդմանը, որ փաստորեն հանրաքվեի է դրվում Սահմանադրության մի դրույթ, որն արդեն վաղուց իրացված է. «Հոդվածն իրացված է, եթե նրա որեւէ փոփոխություն չի կարող ազդել այն դաշտի վրա, որն իրավակարգավորում է: Օրինակ, եթե տեղի ունենա այն փոփոխությունը, որը մենք առաջարկում ենք դրանից հետո 213 հոդվածը ինչպես էլ փոփոխվի, այլեւս չի կարող ազդել ՍԴ կազմի, մնացած խնդիրների վրա: Այդ դեպքում կարող ենք ասել, որ այն ամբողջությամբ իրացված է: Այն ընդամենը սահմանում է ժամկետները: Դա միտումնավոր է այդպես արվել, որ եթե ինչ-որ պահի ՍԴ-ն իրենց չենթարկվի, այդ գործիքն օգտագործեն: Հիմա ՍԴ-ն ուղղակի ժողովրդի իշխանության դեմ է դուրս գալիս»: