Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն է իրականացվել Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի և նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։