Նախագահի աշխատակազմը դարձյալ հայտարարություն է տարածել, նորից պնդելով, որ Արմեն Սարգսյանը կարեւորում է հանրաքվեները։ նախագահը նաեւ  չի բացառում, որ քննարկումներ կանցկացնի հասարակական-քաղաքական, մասնագիտական խմբերի, պետական մարմինների, այդ թվում Սահմանադրական դատարանի հետ, խորհրդատվության համար կդիմի միջազգային կառույցներին և փորձագետներին:

Իշխանությունն ակնկալում է, որ լինի «ոչ»-ի ճամբար, որպեսզի այդ ճամբարի վրա իր քաղաքական հրետանիով, հետեւակով եւ մարտակառքերով, ատելության քարոզիչների բանակներով գնան ոչնչացնելու, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մեր մոտեցումը հետեւյալն է. հակասահմանադրական պրոցեսի մեջ չպետք է լինի հակառակ ճամբար», նշել է նա:

Մարուքյանը նաեւ ասել է, որ ԱԺ հայտնի նիստից հետո ատելության մեծ գեներացիա է տեղի ունենում երկրում, ինչի հետեւանքով ինքն ու իր կուսակից ընկերները սպառնալից նամակներ են ստանում։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ եթե «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ հանրաքվեն հակասահմանադրական է, ապա պետք է մարդկանց ուղղորդի, եթե դեմ են «այո»-ին եւ ոչ մի գործողություն չեն անում, ստացվում է, որ ուղղակի չեն կողմնորոշվել: Հիշեցնելով Մարուքյանի վերջին հայտարարությունները, Սիմոնյանն ասել է, թե դրանք ցայտնոտի մեջ գտնվող ուժի ղեկավարի խոսքերն են, որը չի կարողանում կողմնորոշվել իր անելիքում:

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը կգլխավորի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Իմ քայլից»  Հովիկ Աղազարյանը չի հիշում այնպիսի դեպք, որ որևէ մեկը ընդդիմությունից ասած լինի, թե հանրաքվեի գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է։ Երբ լրագրողները հիշեցրել են, որ Մարուքյանն է ասել, Աղազարյանը պատասխանել է, թե համաձայն չի պարոն Էդմոն Մարուքյանի հետ, որովհետև իրենք առաջնորդվել են Սահմանադրության 2-րդ և 202-րդ հոդվածներով։ Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, արդյո՞ք այսօր ժողովրդին հուզող հիմնական հարցը հենց այս հանրաքվեն էր։  Վենետիկի հանձնաժողովին դիմելու պարագայում իր՝ «թող դրսից տղա չբերեն» հայտարարությունը եղել է պահի տակ, էմոցիոնալ։ Ժողովուրդն է մեր, այսպես ասած, «տղան» և ինքը պետք որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը, ասել է Հովիկ Աղազարյանը։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար, ինչպես վերջին ընտրություններում, կծախսվի 2,5–ից 2 մլրդ 700 միլիոն դրամ լրագրողներին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հանրաքվեի գաղափարին «Բարգավաճ Հայաստանը» կողմ է, բայց պետք էր պահել իրավական կողմը, լրագրողների հետ զրույցում  ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դրանով է պարզաբանել եւ Ազգային ժողովի քվեարկությանը չմասնակցելու որոշումը: «Այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու հարցը կորոշվի ԲՀԿ քաղխորհրդի նիստում: Իսկ հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստանի» հետ ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանում վիճարկի հանրաքվեի որոշումը…

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն ԲՀԿ խմբակցության մոտեցումներին,այդ իսկ պատճառով գործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ դադարեցնում է, ասված է ԲՀԿ հայտարարությունում: Ուրիխանյանը գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր:

Երկրորդ նախագահի եւ մյուսների գործով նիստը շարունակվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաբանների միջնորդության քննությունով: Պաշտպաններն ասել են, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է ինչպես ներքին միջազգային օրենսդրության նորմերին, այնպես էլ նախկինում ընդունված իրավական ակտերին:

Հիմնավոր կասկածներ կան, որ «Մարտի 1-ի» ամբողջական գործերում առկա նյութերը բավարար են 10 մարդու սպանությունը բացահայտելու համար, դատավարության ընթացքում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝ մեղավոր են նշանակել, հետո գտել հոդվածը: Ապա գործից առանձնացրել են միայն այն նյութերը, որոնք, իրենց կարծիքով, ձեւավորում են ինչ-որ ապացուցողական բազա: Նախկին նախագահն այդպիսի տպավորություն է ստացել, քանի որ ԱԱԾ-ից ընդամենը 2 նամակ կա:  Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բազմաթիվ փաստարկներ են բերվել և դրանցից յուրաքանչյուրը բավարար է քրեական գործը կարճելու համար: Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կարճ երկխոսությունից հետո նախկին նախագահն ասել է, որ նախընտրում է չշարունակել, քանի որ դատավորի՝ դժվարին կացության մեջ լինելու մասին իր ասածները նրան նյարդայնացնում են։

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը եւ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ Նորայր Փանոսյանին ազատ է արձակել, տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով եւ հասել 479.05 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.74 դրամով եւ կազմել 522.74 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.05 դրամով ու հասել 619.60 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.50 դրամ։

Հայաստանի որոշ շրջաններում փետրվարի 12-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը` 5-7 աստիճանով: Երեկոյան Երեւանում սպասվում է ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, վաղը ցերեկը -1 +1 աստիճան: