News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հիմնավոր կասկածներ կան, որ «Մարտի 1-ի» իրադարձություների վերաբերյալ քրեական ամբողջական գործերում առկա նյութերը բավարար են 10 սպանությունը բացահայտելու համար: Այս մասին, ելույթ ունենալով այսօրվա դատական նիստին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե համեմատենք շենքի հետ․ սկսել են տանիքից, մեղավոր են նշանակել, հետո գտել հոդվածը: Ապա գործի ամբողջ նյութերից առանձնացրել են միայն այն նյութերը, որոնք, իրենց կարծիքով, ձեւավորում են ինչ-որ ապացուցողական բազա: Ինձ մոտ այդպիսի տպավորություն է ձևավորվել, որովհետև, օրինակ, ամբողջ գործում ընդամենը 2 նյութ կա, 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունեցել երկրում, եւ հանկարծ ամենակայացած կառույցներից մեկից նյութեր չկան: Կարելի՞ է դրան հավատալ: Ընդ որում, փետրվարի 24-ին քրեական գործ էր հարուցվել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ: Եվ երկրորդ նամակը` գործի 3 հատորի` ՀՔԾ փոխանցման մասին որոշումը: Կարելի՞  է, արդյոք, հավատալ, որ ԱԱԾ-ն չի տիրապետել տեղեկատվությանն ամբողջ ընթացքում: Մարդը ուղղակի շատ տկար ուղեղ պետք է ունենա, որ հավատա՝ դա այդպես է։ Մենք բազմիցս խնդրել ենք տրամադրել նյութերի ամբողջ ծավալը: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Ամեն շաբաթ ԱԱԾ-ի տնօրենը` բարձր մասնագետը, զեկուցում էր ինձ: Եվ ես գիտեմ, թե ինչ էր նա զեկուցում: Այս զեկույցներից ոչ մի նյութ այս քրեական գործում չեմ տեսել։ Գուցե դրանք կան այլ հատորներում կամ ԱԱԾ-ն չի տրամադրել»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով` Wikileaks-ի հրապարակումներին ծանոթանալը տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն է ունեցել ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն: «Այն, ինչ ես կարդում եմ այնտեղ, ինձ զեկուցվել է, իսկ քրեական գործում դա չկա: Մենք ամեն անգամ ասում էինք քննիչներին: Մեզ նույնիսկ չեն տրամադրել այն հատորները, որոնք մարտի 2-ին փոխանցվել են հետաքննող մարմիններին»,- ասաց նախկին նախագահը:

«Հիմնավորված կասկածներ ունեմ, որ գործի 600 հատորում բավարար նյութեր կան՝ 10 սպանությունների բացահայտման համար: Նրանք պարզապես չեն ցանկանում դա անել: Պատճառներից մեկն այն է, որ դա կարող է այլ ուղղությամբ տանել, ինչը հակասելու է այս քրեական գործին: Եվ երկրորդ` կառաջանան հարցեր` արդյոք տուժածները պետք է մասնակցե՞ն այս նիստին, թե՞ ոչ: Այս 2 մոտիվացիան ինձ համար ակնհայտ է․ կամ սա, կամ՝ նա: Բացատրեմ սպանությունների հետ կապված երկրորդ մասը․ առնվազն 3 դեպքում պարզ է, որ մարդիկ զոհվել են «Չերյոմուխա» հատուկ միջոցների կիրառման հետևանքով: Պարզ է նաև, որ հայտնի է շրջանակը, թե քանի ոստիկան է կիրառել զենքը։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ո՞ր զենքից են պատճառվել վնասները, բայց շրջանակը պարզ է»,- ասաց նախկին նախագահը՝ հավելելով, որ այստեղ ներկաներից որևէ մեկը կապ չունի այդ դեպքերի հետ։ 

Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ այդ սպանությունները դիտավորյալ սպանություններ չեն եղել։ 

«Ես խոսեցի այս մասին, որպեսզի ցույց տամ, որ գործի ամբողջ նյութերը չտրամադրելն ավելի խորը կասկածներ է առաջացնում, որոնք շատ ավելի խորքային են, որոնք կարող են գործի ամբողջական բացահայտման համար էական դերակատարություն ունենալ։ Չեն տրամադրվում դիտավորությամբ։ Ես կցանկանայի, որպեսզի Դուք այս ամենը հաշվի առնեք որոշում կայացնելիս: Բազմաթիվ փաստարկներ են բերվել և դրանցից յուրաքանչյուրը բավարար է այս քրեական գործը կարճելու համար: Մենք փաստարկների մի ամբողջ փունջ ունենք։ Ես նաեւ հասկանում եմ, որ Դուք՝ անձամբ բավական դժվար կացության մեջ եք, հաշվի առնելով նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»,- նշեց Քոչարյանը՝ դիմելով Աննա Դանիբեկյանին։

Ընդհատելով ելույթը` դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց ըստ էության խոսել:

«Դուք ցավոտ եք ընկալում զուգահեռները: Մենք հետեւում եւ նկատում ենք, և տեսնում ենք, որ թեման ցավոտ է` դատելով Ձեր արձագանքից: Դուք պետք է դա հաղթահարեք»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե ըստ էության ավելացնելու բան չունեք, դատարանը կսահմանափակի ելույթը», - զրուշացրեց դատավորը:

«Մինչև հիմա ըստ էությա՞ն էր․ իմանամ՝ նույն ոճով շարունակեմ, թե՞ ոչ»,- հարցրեց Քոչարյանը:

«Շարունակեք»,- ասաց դատավորը:

«Շնորհակալ եմ: Բայց ես նախընտրում եմ չշարունակել, քանի որ դա Ձեզ նյարդայնացնում է․ լավ եղեք»,- աջակիցների ծափահարությունների ներքո եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ