Մենք որեւէ պարտավորություն չունենք միանալու որեւէ խմբակցության որեւէ առաջարկի: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ն չի միանում «Լուսավոր Հայաստանին», որպեսզի հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը վիճարկել ՍԴ-ում:

«Մենք որեւէ մեկին միանալու խնդիր լունենք: Նախ ես չեմ տեսել ԼՀԿ-ի կողմից պաշտոնական տեսք ստացած առաջարկ: Ես դրան ծանոթանում եմ լրատվամիջոցների հետ շփումներից: Երկրորդ, մենք որեւէ պարտավորություն չունենք միանալու որեւէ խմբակցության որեւէ առաջարկի: Աստեղ կա մի խնդիր, որ հարցը քննում է մի մարմին, եւ այդ հարցը վերաբերում է հենց այդ մարմնի գործունեությանը:

Բայց մենք ի սկզբանե ասել ենք, որ պրոցեսն այնքան ակնհայտ խախտումներով է սկսվել եւ ընթանում, որ կարելի է ասել, որ այդքան էլ չի մեծանում ՍԴ դիմելու անհրաժեշտությունը: Պրոցեսն ընթանում է, իրենք ասում են՝ թող ժողովուրդը որոշի: Հլա կտեսնենք, թե քարոզարշավը ինչպես է կատարվում: Դեռ քարոզարշավը չմեկնակրած, արդեն սկսել են «այո»-ի քարոզը: Ընդ որում, քարոզչություն է սկսվել նաեւ «ոչ»-ի կողմից»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Հարցին,թ ե նորմա՞լ է որ «ոչ»-ի շտաբ չձեւավորվի խորհրդարանական ընդդիմության կողմից, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ»-ի շտաբ չձեւավորելը ինքնին չի նշանակում, որ «այո» ենք: 2-3 օր անց կլինի ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահում անձնական կարծիք հայտնել մինչ այդ: Ես իմ անձնական կարծիքը արդեն հայտնել եմ, բայց իմ անձնական կարծիքը չէ, որ ուղեցույց է հանդիսանալու»:

Ինչ վերաբերում է հնչող կասկածներին, որ ԲՀԿ-ն քաղաքական առեւտրի մեջ է մտել իշխանության հետ, դրա համար է հետ կանգնել ՍԴ դիմելու քայլից, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, որ վարչապետի հետ հանդիպում չի եղել: Սրանից ավել ի՞նչ պետք է անի, հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպե՞տք է ման տա, որ ամեն անգամ բերի ասի՝ այս ժամին այստեղ եմ եղել կամ այնտեղ: