Ուզում եմ ներկայացնել հերթական ներդրողի ոդիսականը։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Պարոն վարչապետ, դուք խոստացաք պատժել համապատասխան անձանց, որոնք ստեղծում են խնդիրներ, խոչընդոտներ ներդրողների համար, հիմա ուզում եմ ներկայացնել հերթական ներդրողի ոդիսականը։ Ներդրողը 2019 թվականի մայիսին կառավարությանն էր ներկայացրել ներդրման 7-ամյա բիզնես ծրագիր սպեցիֆիկ ոլորտի հետ կապված։ Խոսքը տեխնիկական կանեփի ցանքի մասին է, որի թույլտվությունը ստացել էր։ Կանեփում 0,3 տոկոս է հոգեմետ նյութը։ Ներդրողը 170 հազար դոլարի սերմացու է գնել, բերել է, ցանել է, ոստիկանության հետ կնքել է 24 ժամյա պահպանության պայմանագիր, որ մեկ հեկտարը արտը պահպանեն: Հետո, երբ եկել է բերքը հավաքելու ժամանակը, և տեղում կազմակերպել բուսայուղի արտադրություն, բայց հենց հավաքել են, ոստիկանությունը եկել է եւ առգրավել է, նույն ոստիկանությունը, որը մի քանի ամիս պահպանել է այդ տարածքը: Ամիսներ շարունակ այդ գործարարը չի կարողանում կառավարությունից պատասխան ստանալ, թե ինչ անի: Դիմել է գործարարի ներկայացուցիչը ինձ: Ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Արդեն մոտ 400 հազար դոլարի ներդրում է կատարել գործարարն ու մնացել անորոշ վիճակում»,- ասաց պատգամավորը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց. «Տվյալ ներդրողը կառավարությունից որեւէ համաձայնություն նման գործունեություն ծավալելու համար չի ունեցել ու չէր կարող ունենալ, որովհետեւ մեր օրենքներով ու կառավարության համապատասխան որոշմամբ կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում ուղղակի արգելված է, նույնիսկ՝ տեխնիկական։ Այո, տարբեր երկրներում տեխնիկական կանեփի արտադրությունն արգելված չէ, հիմա ՀՀ-ում մեզ մոտ էլ սկսել քննարկումներ, թե որ երկրներում ինչպիսի կարգավորումներ կան եւ կանեփի արտադրությունն ինչ հնարավորություններ է ստեղծում: Երրորդը՝ տվյալ գործարարի մատնանշած ներդրման թվերը գերչափազանցված են և որևէ կերպ փաստարկված չեն»:
Ավինյանը նաև ասաց, որ այդ հարցով Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրություն է անում։
Գորգիսյանն արձագանքեց «Առանց կառավարութան թույլտվության ինչպե՞ս կարող էր ներդրողը ներկրել սերմացու, 1 հա տարածքում ցանք կազմակերպել, ոստիկանության հետ պայմանագիր կնքել ու կառավարությունը տեղյակ չլինի՞ այդ գործընթացից, ոչ էլ թույլտվություն տրված լինի։ Փաստացի ցանքը արվել է։ Իմ մոտ կա ոստիկանության հետ կնքաված պայմանագիրը։ Ո՞նց է ստացվում, որ ներմուծվել է, ցանվել է, քաղվել է, այդ ամբողջ ընթացքում կառավարությունը ոչ մի բան չի ձեռնարկել, վերջին պահին ոստիկանությունը եկել առգրավել է։ Այդ կառույցի ղեկավարին գուցե պետք է ազատել»:
Ավինյանն արձագանքեց, որ այս կառույցի ղեկավարն այլևս չի աշխատում, իսկ սերմեր գուցե հնարավոր է ներկրել, բայց արտադրություն հնարավոր չէ գործող կարգավորմամբ կազմակերպել։











