Ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար, կարծում եմ առաջին հերթին եւ պաշտպանության նախարարի, եւ գլխավոր շտաբի պետի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը, պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Արցախում այսօր 2 զինծառայողների մահվան վերաբերյալ հարցին։

Փաշինյանի խոսքով՝ խնդիրը խորքային հասկանալու համար, պետք է ըմբռնել, թե երեխաները միմյանց հետ ինչպես են շփվում. «Պետք է գնանք եւ տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։ Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ, ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են, դե գիտեք այս գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների եւ ազգային ինքնության պահպանման համար շատ կարեւոր է։ Ես զարմացած եմ։ Այսօր բանակում ի՞նչ խնդիր ունենք, իմ վարչապետ դառնալուց հետո վարտիք փոխելու խնդիր ենք դրել, վարտիքները փոխվեցին, հետո զորամասերը լվացքի մեքենաներով ապահովվեցին, հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվում է ուրիշի վարտիքի հետ, եւ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել։ Դուք հասկանո՞ւմ եք, սա ինչ պրոբլեմ է։ Այսօր իմ քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մինչեւ գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք։ Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձեւերից է, ես կասկած չունեմ»։

Փաշինյանը հիշեց նաեւ իր քրեակատարողական հիմնարկում գտնվելու տարիները։

«Քանի որ հայտնի հանգամանքների բերումով քրեակատարողական հիմնարկում եղել եմ, տեսել եմ, թե ոնց են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում ոտքի վրա, ջարդում, սարքում հողին հավասար», ասաց վարչապետը։