Տպավորությունն այնպիսինն է, որ մենք դասախոսություններ ենք կարդում, որ ծխելը վնասակար է, կա՞ որեւէ մեկը, ով չգիտի, որ ծխելը վնասակար է, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ստատուսներ ենք այստեղ բերում եւ բոլորին համոզում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման» մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նշենք, որ այս օրնագծերով հիմնական զեկուցողը Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է:
«Տիկի´ն Տիգրանյան (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին-խմբ), երբ ասում եք, որ բովանդակային չեն քննարկում նրանք, որոնք դեմ են օրինագծին, ուզում եմ օրենքի հետ բովանդակություն գտնեմ նաեւ Ձեր ելույթում, կներեք, ես այսօր մաքսիմալ անկեղծ եմ լինելու»,-ասաց նա:
Լուսինե Բադալյանը նշեց, որ բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է, եւ այս օրինագիծը կլիներ իդեալական, եթե այն արգելեր հանրային սննդի օբյեկտներում, փակ տարածքներում ծխելը. ««Ինձանից շատ թող ոչ մեկը ծխախոտի ծուխը տանել չկարողանա, սակայն սա Ազգային ժողով է, որտեղ նախագծի դրական եւ բացասական կողմերն ենք քննարկում:
Տիկի´ն Նանուշյան, այսօր Ձեր խոսքում նշեցիք, որ սերտորեն համագործակցել եք պատգամավորների հետ, ուզում եմ հասկանալ, թե մի տասնյակ առաջարկություններից ո՞ր մեկն եք քննարկել եւ ընդունել եւ որ պատգամավորինը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ոչ մի պատգամավորի առաջարկ հաշվի չի առնվել:
«Ամենակարեւոր հարցը, որ ինձ զայրացնում է շատ եւ որի մանիպուլյացիան գալիս է հենց Ձեր կողմից, եւ որի մասին նշեց տիկին Տիգրանյանը: Եթե ես այսուհետ եւս մեկ անգամ էլ որեւիցե ակնարկ կլսեմ այս օրենքը քննադատող պատգամավորի մասին, որ նա ֆինանսավորվում է «Ֆիլիպ Մորիսի» կողմից, բոլորդ կկանչվեք պատասխանատվության զրպարտության համար, որովհետեւ մենք այստեղ ծխել-չծխելը չենք քննարկում: Չի կարելի այսպիսի բաներ անել, եւ սա առաջին եւ վերջին դեպքը չէ»,-ասաց նա:
Լուսինե Բադալյանը նաեւ անդրադարձավ փոխնախարարի ֆեյսբուքյան գրառմանը: «Սիրով կանդրադառնամ Ձեր երեկվա գրառմանը, ո՞ւմ էիք մեղադրում ինչ-որ շահերի մեջ ՄԻԱՎ-ով վարակակիրների թեման բարձրացնելու համար, մե՞զ, ո՞ւմ էիք մեղադրում լավ գործերով չփիառվելու մեջ, մե՞զ: Ո՞ւմ էիք հարցնում՝ որ օրինագիծ բերել եք, ՄԻԱՎ-ով վարակակրի հետ շփվե՞լ եք, այո, շատ բաներ ենք արել... չի կարելի այդպես: Եվ խնդրում եմ Ձեր ենթականերին անպայման նկատողություն տվեք նրա համար, որ ԱԺ պատգամավորին իր լիազորության շրջանակներում իրեն լիազորված հարցումներ անելու, թեմաների քննարկումներ իրականացնելու պատճառով հանրային ծաղրելու համար: Դա ոչ թե դրվատանքի, այլ խիստ նկատողության պետք է արժանանա, որովհետեւ հաջորդ անգամ շատ համաչափ է լինելու իմ հարվածը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փոխնախարար Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Բոլոր նրանց եմ ուղղում խոսքս, ովքեր այս օրերին որոշակի շահերից ելնելով խոսում են ՄԻԱՎ-ով անձանց անունից ու նրանց կարիքներից. դուք երբեւիցե հանդիպե՞լ եք ՄԻԱՎ-ով ապրող անձի, ձեռքը սեղմե՞լ եք, հարցրե՞լ եք նրան, թե ինչ սոցիալական, առողջապահական կամ իրավական խնդիրների են իրենք բախվում իրենց ամենօրյա կյանքի ընթացքում, փորձե՞լ եք այդ խնդիրները խորությամբ ուսումնասիրել, գտնել լուծումներ, մշակել ծրագրային առաջարկներ, գուցե նաեւ բյուջեի օրենքի նախագծի առաջարկ կամ օրենսդրական այլ առաջարկ։
Փորձեք այս ուղիով գնալ, վստահեցնում եմ ձեզ, որ դրանով մի քիչ ավելի կթեթեւացնեք նրանց հոգսերը, այլ ոչ թե առանց խորությամբ հասկանալու խնդիրները՝ ամբողջ երկրով մեկ գոռալ, թե իրենց իրավունքները վտանգված են»:











