«Բարգավաճ Հայաստանը» հավատարիմ կմնա հանրաքվեի հարցով իր քաղաքական դիրքորոշմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ կուսակցությունը կողմ է հանրաքվե անցկացնելու գաղափարին: «Մենք դեմ չենք, սակայն հանրաքվե անցկացնելու համար կան օրինական միջոցներ, որոնք մենք պետք է գրագետ իրականացնենք»,- ասաց Մելքումյանը: Նրա խոսքով՝ կոււսակցությունը նաեւ նպատակահարմար է համարում ՍԴ ինքնալուծարման մասին փաստաթուղթ ուղարկելը: Նա նաեւ կարծում է, որ որեւէ խնդիր չէր լինի, եթե իշխանությունները սպասեին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: «Մենք կողմ ենք գաղափարին, ակայն դրա ճանապարհին տեսանք խնդիր, եւ այդ պատճառով չհամաձայնեցինք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կուսակցությունը որեւէ հարցում իրեն ճնշված չի զգում:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի անցկացումը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի 6 անդամների լիազորությունների դադարեցում: Հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:











