Այսօր առավոտյան, ժամը 5-ն անց 30-ի սահմանում, Հայաստանի հյուսիս-արեւելյան գոտու մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ըստ պաշտպանության նախարարության՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիվերսիոն ներթափանցմանը հակառակորդը դիմել է հիմնավոր նախապատրաստությունից հետո:
Մինչեւ այդ ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի հատվածում դիմել էին սադրիչ գործողությունների, ինչի մասին հայտնել էր պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշել, որ արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ հակառակորդը կրակում է մեծ տրամաչափի գնդացիրներից։ Հայկական ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու, ասել էր նա։ Իսկ այսօր Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ազատվել է խոսնակի պաշտոնից եւ ծառայությունը Զինված ուժերում շարունակելու է ռազմական կրթության ոլորտում։
Սահմռկելի դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ոստիկանները հայտնաբերել են 42-ամյա կնոջ դի եւ նրա 13-ամյա դստերը՝ ծայրահեղ ծանր վիճակում. նրանց դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի երիտասարդ, որը խոստովանել է արարքը։ Աղջնակին նախնական բուժօգնությունից հետո տեղափոխել են Երեւան։ Նա դեռ անգիտակից վիճակում է, լրագրողներին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։ Բժիշկներն ամենամտահոգիչը համարում են գանգուղեղային վնասվածքը։ Հարազատներից որեւէ մեկը դեռ չի եկել աղջնակին տեսակցելու։
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հայտնել է նաեւ, որ երեխայի շնչառությունն ապահովվում է արհեստական շնչառության սարքի միջոցով։
Գյումրիում նախօրեին ծեծի հետևանքով սպանված կինը ընտանեկան բռնության երրորդ զոհն է այս տարվա ընթացքում, Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Նույն խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը մտահոգիչ է համարել հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով Գյումրիի՝ բավական խիտ բնակեցված թաղամասում, «հասարակության անտարբերության ներքո»։
Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տներում ոստիկանական գործողությունից հետո նրա հնգամյա թոռնուհին կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Վարդանյանի փաստաբանները, որոնք ներկա են եղել այդ գործողություններին, պատմել են, որ ոստիկանները կոտրել են տան դռները, պատուհանները, թեև տուն մտնելու համար դրա անհրաժեշտությունը չի եղել։ Պոկել են վարագույրները, տակնուվրա արել տունը, քաշքշել Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների։ Ըստ ականատեսների՝ զենքը պահել են հարազատների, այդ թվում՝ հնգամյա աղջնակի վրա։ Արամ Վարդանյանը «Հրապարակ» կայքին հայտնել է, որ ոստիկանությունն այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է գործարքի գնալ։ Կադրերում 5–ամյա աղջնակն է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի տներում ոստիկանական գործողությանը, լրագրողներին ասել է, թե այդ դեպքի հետ կապված հասարակության կողմից որեւէ բողոք չկա, որոշ կայքեր են փորձում նման կերպ ներկայացնել: Նա նաեւ պնդել է, որ իրավապահները գործել են բացառապես օրենքի սահմանում։ Ըստ Հայկ Սարգսյանի՝ ոստիկանության համար հանրությանը վտանգ ներկայացնող կամ քրեական գործով անցնող որեւէ մեկին ասֆալտին պառկեցնելու համար միջնորդություն անելու կարիք չունի:
Իրավապահ համակարգի գործողություններից ո՞վ է գոհ, որ ես գոհ լինեմ, լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով Էրեբունի թաղամասում նախորդ գիշերվա ոստիկանական գործողության մասին հարցին։ Վարդան Ղուկասյանի համար անընդունելի են ասֆալտին փռել, պատերին ծեփել արտահայտությունները:
Վարդան Ղուկասյանը նաեւ անդրադարձել է Վրաստանում հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի ընթացքում վարչապետն իրեն համեմատել էր Աստծո որդու հետ՝ նշելով, որ անգամ Հիսուսին չի հաջողվել, նրա բառերով՝ անդավաճան կադրային քաղաքականություն վարել:
Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները հոսպիտալի դիմաց բողոքում են դատարանի կայացրած որոշման դեմ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։
«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, NEWS.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Այդ որոշումը կայացվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը չի համարվում արդարացնող հիմք:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ, 500 հազարական դրամի աջակցություն է տրամադրել Արցախի բոլոր 216 բազմազավակ ընտանիքներին, որոնք ունեն 6 եւ ավելի անչափահաս երեխա: Բարեգործական ծրագրի ընդհանուր արժեքը 108 մլն դրամ է:
Թուրքիայի խորհրդարանում իշխող եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով իշխող կուսակցության պատգամավորի ձեռքը 3 տեղից կոտրվել է։ Ծեծկռտուքի վերջում ընդդիմադիր պատգամավորին բռունցքով հարվածած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Հալիլ Յըլդըզը տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով ու կազմել 479.82 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.05 դրամով ու հասել 541.96 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.55 դրամով ու հասել 623.29 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 դրամով ու կազմել 7.04 դրամ։
Մարտի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը` +14 +16:











