Այսօր՝ ժամը 15:30-ի սահմանում, հարավարևմտյան հատվածի զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։ Զոհրաբը 36 տարեկան էր, ուներ 2 եւ 4 տարեկան դուստրեր։

Աշխարհում Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հայ մասնագետները խորհուրդ են տալիս չմեկնել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Այս 8 երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեռ լարված է։ Ախտանշանների դեպքում` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, մեր հայրենակիցները կարող են զանգահարել Օպերատիվ զանգերի կենտրոն` 060 83 83 00 կամ առողջապահության նախարարության «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:

Իտալիայում այսօրվանից արգելվել են հավաքույթները, դպրոցներն ու բուհերը փակ կլինեն մինչեւ ապրիլ, չեղյալ են հայտարարվել սպորտային միջոցառումները՝ բացառությամբ միջազգայինների: Իտալիան Եվրոպայում COVID-19 թոքային հիվանդությամբ առաջատարն է: Վարակված է 9172 մարդ, 463-ը՝ մահացել է, 724-ն՝ առողջացել: Ֆրանսիայի մշակույթի նախարարն է վարակվել վիրուսով, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը թեստ չի անցել, քանի որ համարում է, որ վարակվածների հետ ինքը չի շփվել։ Ադրբեջանում վիրուսակիրների թիվը հասել է 11-ի։ Ամբողջ աշխարհում մոտ 400 առեւտրային ցուցահանդես է չեղարկվել:

Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնովիրուսի թեմային՝ նշելով, որ իրենց առայժմ հաջողվում է խուսափել վարակի տարածումից:  Փաշինյանն ասել է, որ խորհրդարանը հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ, ինչը ՍԴ-ն մերժել է, դրանով իսկ կամայական որոշմամբ ԱԺ-ին զրկել օրենքով ամրագրված իր լիազորությունից: Հայաստանում կա մի սուբյեկտ, որը Սահմանադրական դատարանին կարող է ուղարկել տուն, այդ Դատարանի գործունեությանը տալ գնահատական, եւ դա ՀՀ քաղաքացին է,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Սյունիքում քարոզարշավին մասնակցում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա ներկայացրել է այո–ի իր հիմնավորումները։

Մարզպետը, վարչապետը կամ նախարարը չեն կարող լուծել կանալիզացիայի հարցը, դա քաղաքապետի, ավագանու լուծելու խնդիրն է, Ագարակում քաղաքացիների հետ հանդիպմանը նրանցից մեկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան բողոքի, որ համայնքի բազմաթիվ խնդիրներից առանցքայինը վատ կոյուղին է, որը հարցը տարիներով չի լուծվում։

Նման մի հանդիպում էլ հանգստյան օրերին վարչապետն ունեցել է Լոռու մարզում, երբ կուրթանցի երիտասարդը խնդրել էր նրան օժանդակել քարե շինությունում բնակարան ձեռք բերելու հարցում։ NEWS.am-ն այցելել է այդ երիտասարդի տուն եւ պարզել, որ այն իրականում վագոն-տնակ է, որտեղ Մեխակ Առաքելյանի հետ բնակվում են նրա ծնողները, իր ու եղբոր ընտանիքները։ Վարչապետի հանդիմանությունից շփոթված՝ Մեխակը չի պարզաբանել, որ ոչ միայն ինքը, այլեւ խոնավության ու տարրական կենցաղային պայմանների բացակայության պատճառով իրենց տանը ոչ ոք առողջ չէ, այդ թվում՝ իր ու եղբոր երեխաները։  Մեխակն ամաչել է նաև վարչապետին պատմել, որ երկրաշարժի հետեւանքով փաստաթղթերի կորստի պատճառով, մինչեւ հիմա չեն կարողացել տուն ստանալ։ Մեխակը նեղված է նաեւ հանրության արձագանքից. նրան պատմել են, որ իր խնդրանքը իր հասցեին պախարակման ալիք է բարձրացրել սոցցանցերում։

Արդեն երկու տարի է, որ Ամուլսարի հանքը փակված է անօրինական ձեւով, եւ աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում մուտք գործել իրենց աշխատավայր, լրագրողներին հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Լիանա Հովսեփյանը: Նրա խոսքով, մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 2 տասնյակը։ Կորցնելով վերջին հավատը կառավարության եւ վարչապետի հանդեպ, նախորդ շաբաթ մի խումբ աշխատակիցներով ստիպված ենք եղել դիմել դատարան։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ Եվրոպական դատարան»,- ասել է նա:

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ասուլիս է հրավիրել ու պնդել, թե ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ, մյուս մեղադրյալը՝ իր եղբայր Հարություն Գրիգորյանը, եղել է միայնակ։

Այդպիսի հայտարարություններով Զավեն Գրիգորյանը փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից, NEWS.am-ին ասել է Արա Մխիթարյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։ «Գրիգորյանը բարձրացել է իր բնակարան, զանգահարել իր ընկերներին ու եղբորը, հավաքվել են ու նոր ինքն իջել է»,- նշել է Ամիրխանյանը եւ պնդել, որ Տրդատ Սարգսյանը նույնպես եղել է դեպքի վայրում։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին նախագահը հիմա բուժվում է «Էրեբունի» բուժկենտրոնում: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը, հայտնել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից։ Իսպանացի մասնագետը հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա նոյեմբերի 30-ը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.61 դրամով ու հասել 482.09 դրամի։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով ու կազմել 547.12 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.60 դրամով ու կազմել 629.27 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.19 դրամով ու հասել 6.70 դրամի։

Մարտի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +20+22: