Ոստիկանությունը մարտի 11-ին բացահայտել է գրպանահատության 2 դեպք, պարզվել են գողություն կատարած անձանց ինքնությունները։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են գրպանահատության երկու դեպք:
Առաջին դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել էր ժամը 19.30-ի սահմաններում: Մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 35 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր զեղչի ու բանկային քարտեր:
Օպերատիվ խումբը որոնողական աշխատանք է սկսել: Նրանց միացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց մասնագիտական հմտության շնորհիվ տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է որ կատարել է Մանթաշյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:
Նույն օրը կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
Մյուս դեպքը Կենտրոն վարչական տարածքում էր կատարվել: Ժամը 21.30-ի սահմաններում Երվանդ Քոչարի փողոցում մի կնոջ պայուսակից գողացել էին բջջային հեռախոսը:
Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվել է:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 22.10-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակչի:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:











