Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը  հանձնարարվել է հետեւել, որ այս ընթացքում աշխատողների  իրավունքները չխախտվեն: Այս մասին այսօր` մարտի 16-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այն հարցին, թե ինչ քայլեր են  ձեռնարկվում, որպեսզի չխախտվեն աշխատողների իրավունքները:

«Քաղաքացիների մի մասին մտահոգում է, որ իրենց ասում են` եկեք աշխատանքի, իսկ մի մասին էլ մտահոգում է այն, որ իրենց ասում են` մի եկեք աշխատանքի: Եվ երկու դեպքում էլ սա անհատական մոտեցման խնդիր է եւ ես հանձնարարել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որ գույքագրեն  բոլոր իրավիճակները, որ աշխատողների իրավունքները լիարժեք պահպանվեն: Երկրորդ իրավիճակ կարող է լինել, որ մարդն ուզում է վճարի աշխատավարձ, բայց ընկերությունը չունի այդ հնարավորությունները, մենք կարող ենք  առաջարկել, որ այդ ընկերությանը վարկային կազմակերպությունը վարկ առաջարկի, որի տոկոսը սուբսիդավորի Կառավարությունը, այսինքն պարտքով փող, որ ինչ-որ ժամանակ հետո վերադարձնելու են եւ ամեն խումբ դեպքի համար մենք առաջարկելու ենք կոնկրետ լուծումներ»,-ասաց նա` նշելով, որ ամեն դեպքում կառավարությունը կանգնած է տնտեսվարողի կողքին:

Փաշինյանը հավելեց, որ իրավիճակները շատ տարբեր են, եւ եթե IT ոլորտի աշխատողները կարող են տնից աշխատել, սակայն սուպերմարկետի աշխատողները չեն կարող աշխատանքի չգնալ:

Անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը՝ նա նշեց, որ բյուջետային աշխատողները կվճարվեն այս ընթացքում:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:

Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք: