Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշման քննարկման համար հրավիրված եւ շուրջ 4 ժամ ընթացող ԱԺ արտահերթ նիստից վարչապետի հորդորով քիչ առաջ հեռացան պարետատան անդամները։

Քննարկման ժամանակ նախ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը հորդորեց անցնել բուն  հարցի քվերակությանը անդադար նույն հարցերը քննարկելու փոխարեն․ «Ձեր կառավարությունը հրաժարականի մտադրությո՞ւն ունի, կամ մեր Ազգային ժողովը ցրվելու ա, որ մենք բոլորը հարցերը տուրիզմից եւ այլն որոշել ենք էս վերջին 3 ժամերի ընթացքում քննարկենք, փոխանակ կենտրոնանաք կարեւոր խնդրի վրա՝ արտակարգ դրության հետ կապված քվեարկություն անենք եւ մարդիկ գնան իրենց գործով»։

Վարչապետը հումորով արձագանքեց պատգամավորի դիտարկմանը՝ ասելով, որ պարետատան անդամները կարող են գնալ եւ իրենց գործերով զբաղվել, անհրաժեշտ որոշումներ կայացնել։

 «Շնորհակալ եմ, որ հիշեցրիք, թե ինչի համար ենք հավաքվել, շատ ճիշտ դիտարկում էր, պարոն  Դանիելյան»,- նկատեց նա։