Առավոտից ահազանգեր են գալիս մասնավոր արտադրություններից, մասնավորապես 20-ից ավելի աշխատողներ ունեցողները չեն հասկացել՝ իրենք պետք է աշխատեն, թե ոչ։ Այսօր՝ մարտի 16–ին, ԱԺ հատուկ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։

«Ում որ ուղերձ ունեինք, որ մի աշխատեք, իրենց այդ ուղերձն արդեն փոխանցել ենք։ Այսինքն՝ դպրոցներ, համերգասրահներ, թատրոններ եւ այլն։ Ուրիշ որեւէ մեկին չենք ասել՝ մի աշխատեք, ասել ենք՝ կան ռիսկեր, աշխատելիս այդ ռիսկերը, խնդրում ենք, հաշվի առեք, որովհետեւ եթե բոլորը չաշխատեն, է հետո՞։ Գյուղացին էլ հիմա պիտի ասի՝ հիմա մենք ցանե՞նք, թե՞ չցանենք։ Իհարկե, ցանեք»,– պատասխանեց Փաշինյանը։

Շիրակի մարզում սերմնացուի խնդիր կա, սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները եւ ներկրման պահը դանդաղել է, եւ արդեն ունենք գարնանացանի խնդիր։ Ինչ-որ քայլեր կա՞ն կառավարության մակարդակով՝ այդ հարցը լուծելու, հարցրեց պատգամավորը, ինչին Փաշինյանն արձագանքեց.

«Դրա հետ կապված պատրաստ չեմ այս պահին որեւէ բան ասել, որովհետեւ մեր քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում եղել է հետեւյալը, որ մենք ֆինանսավորում ենք գյուղացուն, գյուղացին ինքը գնում, որոշում է՝ ումից սերմ առնի, որ ընկերության սերմն է ավելի լավ։ Ինչո՞ւ չեն ներկրել, Մարտի 1-ի դրությամբ, երբ առաջին կորոնավիրուսի դեպքի մասին էր հայտարարվում, պետք է սերմնացուն արդեն ներկրված լիներ, որովհետեւ արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են։ Բայց ամեն դեպքում Էկոնոմիկայի նախարարն այստեղ է, թող ճշտի՝ ինչն ինչոց է»։