Արտակարգ դրություն սահմանելու մասին կառավարության որոշմամբ հստակ նշվել է, որ սահմանափակվելու է անձի ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ դրա եղանակները, ձեւերը կարող են պարետի որոշմամբ նախատեսվել։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Երբ այստեղ հարց է բարձրացվում, թե ի՞նչ է նշանակում իննամեկուսացում, էս դահլիճում մարդ կա՞, որ ասեն պետք է ինքնամեկուսանա, չհասկանա, թե ինչ պետք է անի։ Շատ հստակ կատեգորիա է, թե ինչ է նշանակում ինքնամեկուսանալ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է մամուլի սահմանափակումներին, պատգամավորն ասաց. «Երբ ասվում է, որ սահմանված սահմանափակումներն ունեն որոշակիության խնդիր, ես մի քիչ դա չեմ հասկանում։ Իսկ ի՞նչ աստիճանի են պատկերացնում, որ ասենք՝ սա գրել չի կարելի, սա գրել չի կարելի եւ այդպես բոլոր տեսական տարբերակները թվարկել։ Ակնհայտ չի՞ թե ինչը կարող է այսօր մարդկանց մոտ խուճապ առաջացնել»։
Սուրեն Գրիգորյանը նաեւ օրինակ բերեց. «Անկախ կորոնավիրուսից, բազմիցս լինում է, որ ԱՌՔԱ համակարգը մի քանի րոպեով խափանվում է։ Հիմա պարզ է, չէ՞, որ եթե այսօր նման բան լինի, որը կապված չլինի կորոնավիրուսի հետ, եւ այդ մասին հայտարարվի, մարդիկ դա կարող են կապել կորոնավիրուսի հետ։ Հիմա ո՞նց պետք է դրա մասին գրվի օրենքում՝ չհայտարարել ԱՌՔԱ համակարգի խափանման մասի՞ն։ Այսինքն խուճապ առաջացնող տեղեկություններ ոչ ՀՀ-ում, ոչ ՀՀ-ից դուրս չի կարելի տարածել»,-հայտարարեց պատգամավորը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։











