Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներին հաջողվել է վերարտադրել կորալների կառուցվածքը 3D-տպիչի տեխնոլոգիայի միջոցով։ Nature Communications պարբերականի տվյալներով՝ բիոնային կորալներում, որոնք ստեղծվել են բրիտանացի հետազոտողների կողմից լաբորատոր պայմաններում, նորմալ են զգացել սիմբիոտիկ ջրիմուռները, որոնք անհրաժեշտ են իսկական կորալ պոլիպներին կենսագործունեության համար, հաղորդում է Planet- today-ը։

«Մենք որոշել ենք ստեղծել արհեստական կառուցվածքներ, որոնք նման են կենդանի կորալներին, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչպես են հենց կորալները կառավարում լույսը, որն անհրաժեշտ է կենդանի կորալների համար, մասնավորապես դրանց ներսում ապրող միկրոջրիմուռներին։ Կորալներն ունեն բավականին հետաքրքիր կիսաթափանցիկ կրաքարից կմախք, որի ձեւը թույլ է տալիս վերաբաշխել եւ ցրել լույսը սիմբիոտիկ ջրիմուռների համար օպտիմալ կերպով»,-պատմել է նախագծի առաջատար հեղինակ Դանիել Վանփրեզերը։

Լաբորատորիայում կորալի կառուցվածքը կրկնելու համար գիտնականները զինվել էին 3D-տպիչով եւ ստեղծել կմախքը պլաստիկից, որն իր օպտիկական հատկություններով հիշեցնում է կորալների կրաքարից հիմքը։ Այնուհետեւ պլաստիկից կմախքի վրա ավելացրել են «պոլիպների իմիտատոր», որի կազմում հատուկ գել է, ցելյուլոզային բյուրեղներ եւ կենդանի սիմբիոնտիկ ջրիմուռներ։

«Մենք ստեղծել ենք բիոնային կորալներ, որոնց միջոցով կարելի է իրականացնել իրական կորալների ուսումնասիրմանը նպաստող գործընթացների մոդելավորումը։ Հեռանկարում դա կօգնի մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես են կառուցված կորալների էկոհամակարգերը»,-նշում է Վանփրեզերը։