Գեղարքունիքում, Շիրակում եւ Լոռիում ձմեռը վերադարձել է. մարզերում առատ ձյուն է տեղացել։ Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են,  Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Ապարան, Սեւան, Ճամբարակ, Վանաձոր, Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի շրջաններում տեղում է ձյուն: Վաղը սպասվող եղանակի մասին կպատմենք մեր այս թողարկման վերջում:

Արիլի 23-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 1523-ի, փաստացի բուժվում է 840 անձ,  ապաքինվել է 659-ը, 24 պացիենտ մահացել է:

Կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է,  կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Դեռ կարող ենք բոլորին հոսպիտալացնել, իսկ շատ թեթեւ ձեւերը հյուրանոցային պայմաններում պահելու համար, ասել է Թորոսյանը:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, որ վիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են եւ եթե այսպես շարունակվի, պարետատունն էլ կշարունակի հանել գործունեության տարբեր տեսակների նկատմամբ սահմանափակումները: Պահպանվում են անձանց տեղաշարժի եւ հանրային տրանսպորտի հետ կապված մյուս սահմանափակումները:

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս մեկ քաղաքացու մոտ: Նա Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, որն ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլ 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախում վարակվածների թիվը ահսել է 8-ի: Նրանցից երեքն արդեն ապաքինվել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սահմանադրական բարեփոխումները հետաձգվել են: Բարեփոխումների հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 31-ից տեղափոխվել է 2021 թվականի հունիսի 30-ը։

Այս տարվա ընթացքում անհրաժեշտ  կլինի լրացուցիչ 260 միլիարդ դրամի պետական պարտք ներգրավել, լրագրողների հետ հանդիպմանն ասել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա` տնտեսության ծավալը կամ ՀՆԱ-ն 2020 թվականին 7 տրիլիոն դրամի փոխարեն կանխատեսվում է 6,5 տրիլիոն,  հարկային եկամուտները 170 միլիարդ դրամով պակաս կլինեն, քան բյուջեով էր նախատեսված: Նախատեսված 161 միլիարդ դրամի փոխարեն դեֆիցիտը 324 միլիարդ դրամ կկազմի:

Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենանք նոր Պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը, պետք է ամբողջությամբ փոխվի, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ներքին գործերի նախարարության հետ, կլինի դրա կազմում, մոտավորապես այնպիսի, ինչպիսին պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի հարաբերություններն են:

Մինչեւ այդ կառավարությունն արդեն հաստատել էր ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ այն ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ եւ գործառույթների հստակեցում, այսինքն համակարգում քաղաքացիական բնույթի ծառայությունները տարանջատվում են բուն ոստիկանական ծառայություններից: Ըստ Բադասյանի՝  գործողությունների ծրագիրը 3 տարվա համար գնահատվել է 16 մլրդ 300 միլիոն դրամ, որից 13 մլրդը՝ պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման համար է:

Կառավարությունը նաեւ որոշել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափը ավելացնել 35 հազար դրամով:

Գործադիրը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որի նպատակը բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին օժանդակելն է:

Հայաստանը 2018 թվականից սկսած բանակցություններ չի վարում փուլային կարգավորման հիմքով, ռուսական «Կոմերսանտին» հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որեւէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որեւէ սահմանափակման իրականացումը եւ կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները մեկնարկում են այսօր 21-ին եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո, լրագրողներին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Նա կոչ է արել այդ ժամին պատուհանի մոտ տանել բջջային հեռախոսի լապտերի լույսը, ինչը կխորհրդանշի մարդկանց ներկայությունը Ծիծեռնակաբերդում:

Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում նախատեսվում է տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Երևանի քաղաքապետարանին առաջարկը արտգործնախարարությունն է ներկայացրել: Նպատակը Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունների խորացումն է: Արձանը կտրամադրի հնդկական կողմը:

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է առողջապահական համակարգի աշխատակիցներին: Դուք կատարում եք հրաշալի աշխատանք և դա անում եք ամեն օր, որպեսզի փրկեք մարդկանց կյանքերը, ասել է նա։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով ու  կազմել 479.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.09 դրամով ու կազմել  516.84 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.75 դրամով  ու կազմել 592.54 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.12 դրամով ու հասել  6.38 դրամի։

Ապրիլի 24-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Տեղ-տեղ հնարավոր են ամպրոպ եւ կարկուտ: Երեւանում կանխատեսվել են անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։