Ես եւ ՀՀ ոստիկանապետը եղել ենք դեպքի վայրում, որտեղ եղել են կրակոցները, այսինքն ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Գավագում տեղի ունեցած միջադեպերին:

«Հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պատշոնյաներ, այսինքն եւ հիվանդանոցում են պաշտոնյաներ եղել, եւ դեպքի վայրում:

Ականատեսների վկայությամբ 500-ից ավելի մարդիկ են եղել, նաեւ տեսաձայնագրություններն են որոշակի նման պատկեր տալիս: Իրավիճակը կառավարումից դուրս է եկել՝ հաշվի առնելով, որ միաժամանակ տարբեր մուտքերից քաղաքացիները ապակիները կոտրելով ներս են մտել: ՀԻմնականում գավառի եւ Նորատուսի բնակիչներ են եղել»,-ասաց մարզպետը:

Նա հավելեց, որ հիվանդանոցի միջադեպից 1-1,5 ժամ առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով դեպքի վայրում ունեցել ենք արդեն երկու զոհ, մնացածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել մյուս միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երևան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։ 

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Վենդետա Գավառում. ոստիկանական պատնեշը ճեղքելով՝ մտել են հիվանդանոց ու կտրել վիրավորներից երկուսի կոկորդը (լրացված)