Ցանկացած հանցագործության դեպքում տուժող կողմը միշտ պահանջում է, որ հանցանք կատարած անձը պատժվի, հետեւաբար, վաղեմության ժամկետին դեմ է. այսինքն եթե ձեր փաստարկները որպես հիմք ընդունենք, ընդհանրապես անտրամաբանական է քրեական օրենսգրքում վաղեմության ժամկետներ սահմանելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ դիմելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սահմանադրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, ասենք, կարող է առաջարկ լինել, որ ծանր կամ առանձնապես հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետը փոխվի, ասենք, 15 տարին դառնա 20 տարի, սակայն հնարավոր չէ մի հոդվածով մի մոտեցում լինի, մեկ այլ հոդվածով նմանատիպ արարքի համար՝ մեկ այլ մոտեցում:

Ի պատասխան Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես կոնկրետ օրենքի հոդվածի վերաբերյալ նախաձեռնություն եմ դրսեւորում, դուք ասում եք՝ միատեսակ մոտեցում պետք է լինի հանցագործությունների խմբի հանդեպ: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Սահմանադրությունում նման դրույթ չկա, որ հանցագործությունների որեւէ խմբի վերաբերյալ պետությունը որոշակի միասնական մոտեցում ունենա:

Ինձ համար զարմանալի է, որ դուք լինելով իրավաբան, փաստաբան, բնակարանային գողությունը բերում հավասարեցնում եք սահմանադրական կարգի տապալմանը եւ ասում՝ ցանկացած գործով տուժողն ուզում է, որ իրեն վնաս պատճառած անձը պատժվի: Բա եղա՞վ, սա ի՞նչ մոտեցում է:  Իհարկե, տուժողը միշտ էլ հակակրանք ունի իրեն վնաս պատճառողի նկատմամբ, բայց այստեղ տուժողի ընկալման խնդիրը չի: Մարդիկ հիմա մեզ հետեւում են, մարդիկ ուզում են հասկանալ՝ այ մարդ, էս Պետրոսյան Գեւորգը կարող ա՞  գիշերը սխալ ա քնել, եկել էս ի՞նչ է ասում»:

Նա նաեւ հավելեց, որ իր իր առաջարկը կանխարգելիչ նպատակ է հետապնդում. «Որ եթե այսօրվանից օրենքն ուժի մեջ մտներ, այսօրվանից, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից, ցանկացած ֆիզիկական անձ, առավել եւս պաշտոնյա հասկանա, որ եթե ինքը երբեւէ կատարելէ  սահմանադրական կարգի տապալում կամ դրան ուղղված գործողություն, ինքը երբեք անպատիժ չպետք է մնա»: