Ունեցել ենք նաեւ մահվան դեպք, երբ 69–ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 4–ին, ԱԺ–ում, լրագրողների հետ ճապազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, կա՞ արդյոք վիճակագրություն, թե խրոնիկ հիվանդություն ունեցող քանի քաղաքացի է ապաքինվել։
«Վիճակագրություն ապաքինվածների մասով չունենք, մահացածների մասով ունենք։ Ես կխնդրեմ մեր մամուլի ծառայությանն այսօր հրապարակել, այնտեղ տոկոսներ կան, թե քանի տոկոսի մոտ է եղել խրոնիկական հիվանդություն։ Դա իհարկե չի նշանակում, որ առողջ քաղաքացիներն ամբողջությամբ ապահովագրված են։ Ունեցել ենք շատ ծանր դեպք, երբ երիտասարդ քաղաքացին էլի խրոնիկական հիվանդություններ չի ունեցել, բայց շատ ծայրահեղ ծանր է եղել եւ փաստացի մի կերպ է փրկվել։
Լրագրողի հարցին կա՞ն ուսումնասիրություններ, թե արդեն բուժված քաղաքացիները հետո առողջական խնդիրներ ունենում են, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Մենք նման տեղեկատվություն չունենք, առնվազն դուրս գրված մեր քաղաքացիները, որեւէ մնացորդային առողջական երեւույթներ չեն նշում եւ օբյեկտիվորեն էլ չեն նկարագրվում դրանք ռենտգեն հետազոտություններն են եւ այլն։ Բոլոր նրանք, ովքեր դուրս են գրվում, պրակտիկ առողջ քաղաքացիներ են եւ որեւէ գանգատ չեն նշում, հակատակը այդ հիվանդությանը բնորոշ է երկարատեւ առանց սիմպտոմների ընթացքը, երն իրենք նույնիսկ բուժման ընթացքում, որեւէ գանգատ չեն նշում եւ զարմանում են, թե ինչու են իրենց պահում հիվանդանոցային կամ հյուրանոցային պայմաններում»։











