Բարեբախտաբար բուժաշխատողները լավանում են եւ նորից շարունակում են իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 4–ին, ԱԺ–ում, լրագրողների հետ ճապազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյեք խնդիրնե՞ր չենք ունենա, կապված բուժաշխատողների հետ։

«Պետք է այնպես անենք, որ խնդիր չունենանք, պետք է ամեն ինչ անենք, որ այդ թիվը հանկարծ կրիտիկականի չհասնի, որպեսզի օրինակ մի ամբողջ հիվանդանոցի բուժաշխատողների մեծ մասը վարակված լինի եւ փաստացի հիվանդանոցի աշխատանքը պարալիզացվի կամ մենք ունենք օրինակ մասնագետներ, որոնք հարաբերականորեն անփոխարինելի են եւ իրենք վարակվեն։ Այդ դեպքերում էլ լուծումներ կան։ Վերջին օրերին գրեթե նոր բուժաշխատողներ չեն ախտորոշվում, շատ քիչ թվով են լինում եւ դրանք մնացորդային դեպքերն են, որոնք մենք աստիճանաբար գտնում ենք հետազոտություններ անելով։ Եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները վարակվել են, ոչ թե հիվանդանոցում, այլ տանը, դրա համար անկախ մեր մասնագիտությունից պետք է ամեն ինչ անենք նույն կերպ, բոլոր միջավայրերում, բուժաշխատողներն առավել եւս, որպեսզի ծանր հետեւանքներ չունենան իրենց կողմից բուժվող հիվանդները»,–ասաց նախարարը: