Ես ձեր գրած լուրերից նոր տեսա դա. զարմացած եմ, մտածում եմ՝ լավ, որտեղի՞ց եք գտնում էդ լուրերը: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով մոմուլում տարածված տեղեկություններին, թե ՔՊ-ում որոշում է կայացվել, որ Աննա Կարապետյանին վայր դնի մանդատը:

Հարցին, թե նման քննարկում չի՞ եղել ՔՊ-ում կամ խմբակցությունում, նա բացասական պատասխան տվեց. «Իհարկե ոչ: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե դուք այս լուրերը որտեղից եք գտնում: Գրել եք, օրինակ, որ ես ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորն եմ: Դուք գոնե վիճակագրությունը նայո՞ւմ եք: Եթե ոչ ամենաքիչ, ապա գոնե միջին գրծուղումների մեկնած պատգամավորն եմ: Կամ գրում եք՝ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իմ նախագիծը: Ես ասացի, որ սովորական քվեարկություն է եղել, այդ նախագծի թեման  կարծես թե փակված է: Հիմա նորից նոր լուրեր… հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր ուզում են անպայման պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»:

Հարցին, թե այդ դեպքումինչո՞ւ է հենց իր անունը շրջանառվում, Կարապետյանն արձագանքեց. «Այ էդ հարցի պատասխանը որ ստանաք, ինձ էլ ասեք: Նորից եմ կրկնում՝ «Իմ քայլը» խմբակցությունը միահամուռ եւ միակամ է ինչպես միշտ, հիմա առավել քան»:

Դիտարկմանը, որ մանդատը վայր դնելու պատճառը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը լինելն է, Աննա Կարապետյանն ասաց, որ նման բան չկա: