Դատավարական ոլորտներում խախտումներով կարող են պահել անձին կալանքի տակ միայն մի նպատակով կամ պատճառով, որ անձը կապված է ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։
«Երբ նայում ենք ամբողջ քրեական գործը, քրեաիրավական մեկնաբանության մեջ այն իրավական առումով իրավաբանականի երրորդ կուրսում սովորողի պարզագույն խնդիր է, ում տրվել է վրիպելու հնարավորություն, այդ պարզունակ խնդրի հետ կապված շատ մարդիկ վերլուծության են ենթարկում. սկսած քննչական մարմինը, դատախազությունը, ինչպես նաեւ տարբեր միջնորդություններով ու բողոքներով առնչվող դատավորները ու գալիս են եզրահանգման, թե այդ խնդիրն առկա չէ»,- ասաց պաշտպանը։
Գոռ Գեւորգյանը պատմեց, թե ինչպես է դեպքից հետո որոշվել, թե ո՞ր զինվորը կապ ունի Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան հանգամանքների հետ.
«Ամեն ինչը սկսվեց հրամանատարի ոչ ճիշտ զեկուցելուց։ Դեպքից կարճ ժամանակ անց, քանի որ զորամասը մոտ էր Ստեփանակերտին, երբ ՊԲ հրամանատարը գնում է այդ զորամաս, զորամասի հրամանատարը անձնական նեղվածություն ունենալով Դավիթ Մովսիսյանից, ում մի քանի անգամ խնդրել ու հորդորել էր, որ հայրը գնա իր հետ ծանոթանալու, այդպես էլ պատճառը չհասկացանք՝ ինչու։
Անձնական դրդումներից ելնելով՝ ՊԲ հրամանատարի հարցին, թե ո՞ր կողմ է կրակել մահացած զինվորը, Դավիթ Մովսիսյանին հարցրել է՝ դու ո՞ր կողմ էիր փախչում, ասում է՝ այս կողմ, ասում է՝ Առաքել Մովսիսյանի որդու ուղղությամբ է կրակել։ Առանց որեւէ փաստական տվյալ ունենալու։ Նրանք, որ բոլորը փախել էին տարբեր ուղղություններով, քանի 6 փամփուշտ Վահրամ Ավագյանը տարբեր ուղղություններով կրակել էր զորքի վրա։ Ինքնասպանությունը քրեական գործով արդեն իսկ հաստատված հանգամանք է, քանի որ դեպքի վայրում են եղել մի շարք զինծառայողներ, որոնք աչքի առաջ տեղի է ունեցել այդ դեպքը։ Գործ ունենք ինքնասպանության հետ, որի պատճառը չեն պարզել, եւ այդ պատճառը պարզելու փոխարեն վերցրել են ամենակարճ ճանապարհը. կալանավորել են 3 զինվորի»։
Պաշտանն ասաց, երբ սկզբում Դավիթ Մովսիսյանը կալանավորվեց մտածել են՝ հանրային հնչեղությունը թուլացնելու համար է արվում. «Զինվոր էր մահացել եւ պետք է փորձեին դժգոհության այդ ալիքը մեղմացնել, բայց մտածում էինք՝ կարճ ժամանակ անց կհասկանան, որ խնդիր է ապօրինի կալանքի տակ պահելը, բայց էլ ավելի խորացավ։ Երբ կալանքի երկարացում եղավ, համապատասխան որոշում բողոքարկեցի Վերաքննիչ դատարան, մեկ արդեն մեկ ամիս ու հինգ օր է չունենք նշանակված նիստի օր»։
Գոռ Գեւորգյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ կան ցուցմունքներ, ըստ որի՝ Դավիթ Մովսիսյանի եւ Վահրամ Ավագյանի միջեւ եղել է վիճաբանություն.
«Այդ փաստը մենք ընդունում ենք։ Այդ միջադեպից մի քանի ժամ անց հրաձգարանում, երբ Վահրամ Ավագյանին տրամադրվում է մարտական փամփուշտներ, նա 6 փամփուշտ տարբեր ուղղությունով կրակում է։ Կրակելու պահին հնչեցրել է անհասցե հայհոյանքներ ու ասել՝ սպանելու եմ։ Մինչեւ օրս ինչո՞ւ Վարհամ Ավագյանի արարքին որեւէ իրավական գնահատական չի տրվել։ Ավագյանն ունեցել է մեկ ընկեր, ում հետ ունեցել է բազմաթիվ զրույցներ, որոնցից մեկի ժամանակ արտասվել ու պատմել է, որ մահացած ազգականն իր երազին է գալիս ու ասում է՝ իրեն տանելու է։ Հետո ճշտեցինք, որ մահացած ազգականն իր մորաքրոջ որդին է, ով տարիներ առաջ զինծառայության ընթացքում նորից դիմել էր ինքնասպանության։ Պատմել էր նաեւ, որ հունվարի 3-ից 13-ն արձակուրդում գտնվելու ժամանակ վիճաբանություն ու ծեծկռտուք է ունեցել մեկ անձի հետ, որի ընթացքում կոտրել է ձեռքը։ Սակայն որեւէ գործողություն՝ պարզելու, թե ո՞վ է եղել վիճաբանողը, ինչ կոտրվածքի մասին է խոսքը, չի արվել»։
Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը շուրջ 4 ամիս կալանքի տակ է, եւ, որ Մովսիսյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն դեռեւս չի կատարվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:











