«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը տեղեկություն չունի, թե ՔՊ վարչությունում՝ քննարկվե՞լ է իր մանտադը վայր դնելու հարցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Աթաբեկյանը։

Հարցին՝ արդյոք ինքը տարաձայնություններ ունի՞ ՔՊ անդամների հետ, որովհետեւ կա տեղեկություն, թե նիստի ընթացքում  ինքը դուրս է եկել, պատգամավորն ասաց.

«Տարաձայնություններ բացարձակ չունեմ, նիստը չեմ լքել, նիստից դուրս գալը լքել չի»։

Լրագրողի դիտարկմանը, որ հաճախ է լսվում իր անունը տարաձայնությունների տիրույթում, պատգամավորն ասաց. «Բան չասեցի։ Գուցե այդ տարաձայնությունների տիրույթից ելնելով այս մի տարաձայնության տիրույթը մի քիչ կեղծ է, հորինված է կամ փոփոխված է։

Բացառված է, որ ես մանդատ վայր դնեմ։ Իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել։ Բացառում եմ նման տեղեկությունները, դրանք իրականությանը չենք համապատասխանում։ Գործընկերներ ենք, կարող ենք ամեն ինչ քննարկել, բայց որոշում չի եղել»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին աջակցելուն անդրադառնալով՝ պատգամավորն ասաց. «Սոֆյա Հովսեփյանի հասցեին հնչել է վիրավորական խոսք։ Չեմ բացառում, որ խոսք հնչեցնողը չի գիտակցել, որ դա վիրավորանք է։ Եվ դա հարված է ոչ թե Սոֆյա Հովսեփյանին, այլ պատգամավորի ինստիտուտին։ Իմ պարտքն եմ համարել՝ զգուշացնել դրա մասին։ Սոֆյա Հովսեփյանին ճանաչում եմ ԱԺ-ից, շփումների ընթացքում հասկացել եմ, որ գաղափարակից եւ հայրենասիր աղջիկ է։ Վստահեցնում եմ, որ եթե պատգամավորը լիներ ԼՀԿ-ից կամ ԲՀԿ-ից, ապա էլի այդպիսի արձագանք կլիներ»։