Իմ քաղաքական կյանքը շատ երկար չէ, քաղաքապետարանով եմ սկսել, ես տեսել եմ՝ ոնց են Տարոն Մարգարյանի հորը անվանարկում շատ վատ ձեւով եւ ես տեսել եմ՝ նա իրեն ոնց է զսպել եւ իր թիմակիցներին ոնց է զսպել, որովհետեւ հասկացել է, որ այդ մեծ կռվից ոչ մեկին դրական բան չի լինելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին և նշելով, որ կատարվածի պատճառն այն է, որ ԱԺ–ում հեղինակություն ունեցող անձ չկա, որը կզսպեր ծեծկռտուքի մանսակիցներին։
«Փաշինյանը, Միրզոյանը, մյուս իշխանականները միշտ ծաղրել են նույն Տարոն Մարգարյանին, նախկին իշխանություններից շատերին նրանց ինտելեկտուալ դրսեւորումների առումով։ Ես ուզում եմ ասել, որ դուք չեք հասկանում նույնիսկ այնքանը, ինչքան հասկանում էր այդ իրավիճակում նախկին իշխանության ներկայացուցիչը։ Հետեւաբար ձեզնից ակնկալիքը պետք է լիներ միայն այն ժամանակ, երբ դուք ձեզ զսպված պահեիք, բայց քանի որ դուք դարձել եք իշխանության ներկայացուցիչներ, դուք մարդ էլ կծեծեք, կմնաք անպատիժ, դուք հանցանք էլ կգործեք, կմնաք անպատիժ, դուք Ազգային ժողովում ձեզ կպահեք ոնց որ պահում եք ու կմնաք անպատիժ։
Կդնեք ձեր մանդատը, թե չեք դնի, դա մեր գնահատականը չի, դա ժողովրդի գնահատականը չի, դա ձեզ Ազգային ժողովի նախագահի եւ ձեր վարչապետի գնահատականն է. ունե՞ն նրանք արդյոք այդքան հեղինակություն, որ տիրապետեն իրավիճակին, ունե՞ն նրանք այդքան հեղինակություն, որ կարողանան ձեզ զսպել եւ բերել թավշյա, ոչ բռնի, ժողովրդական դրսեւորումների մեջ»,– ասաց նա։











