Այս տարվա մայիսյան եռատոնը կարելի է անվանել եռախայտառակություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Նույն օրը՝ մայիսի 8–ին, ՀՀ դատարանում դատում են 1992 թվականին Շուշիի հաղթանակ կերտած ամենակարեւոր դեմքերին. Պատկերացրեք՝ դա Ադրբեջանի համար ինչ ուրախություն է։ Մայիսի 8–ին ԱԺ–ում ղեկավարող խմբակցությունը ծեծի է ենթարկում ընդիմադիր կուսակցության ղեկավարին ուղղակի ընդդիմադիր ելույթի համար։ Եվ 3–րդր, որ հաղթանակած Արցախի զինվորների պատիվն է ընդունում դասալիքը։ Դատարանում նստած էին Ռոբերտ Քոչարյանը, Արցախյան ազատամարտի հիմնական դերակատարը, Սեյրան Օհանյանը՝ գեներալ–գնդապետ, Յուրի խաչատուրովը՝ գեներալ–գնդապետ, Արմեն Գեւորգյանը, որը մեր պետության առաջ բավականին լուրջ ծառայություններ ունի անկախ իր երիտասարդ տարիքից։ Մյուս կողմում նստած էին դատախազները, որոնք թուրքի մոլագարությամբ դատում էին հայ հաղթողներին։ Նստած էին իրենց հարազատների դիակը վաճառած անձնավորություններ, 2 պաշտպան՝ Էդիկ Եգորյան, որի ծագումնաբանությունը պետք է ուսումնասիրել, եւ Սեդա Սաֆարովը, որոնք հայտարարեցին ի լուր աշխարհին, որ Հայաստանի բոլոր այնտեղ նստած վարչապետերը գող, ավազակ, թալանչիներ են»,– ասաց նա։

Իսագուլյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները 20 տարի նախապատրաստվել են հեղափոխությանը, որպեսզի իրենց մարդկանց նշանակեն. «Այդ ուժերը հասան նրան, որ իրենց մարդկանց բերեցին իշխանության ի դեմս Նիկոլ Փաշինյանի, եւ բնականաբար իրենք պետք է իրականացնեին այն ծրագիրը, որն 1998 թվականին կիսատ մնաց՝ Արցախը հանձնել։ Այն ուժերը, որ հովանավորում էին Տեր–Պետրոյանին եւ Արցախը հանձնելու ծրագիրը պետք է իրականացնեին, չանհետացան նրա գնալուց հետո, եւ անպայման պետք է պատժվեին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Վստահ եմ, որ Հոկտեմբերի 27–ը նույն այդ ուժերը կազմակերպեցին այն հույսով, որ միաժամանկ կվերացնեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց Ռոբերտ Քոչարյանը շատ ուժեղ դուրս եկավ եւ Քոչարյան–Սարգսյան  տանդեմը կարողացավ դիմակայել այդ արհավիրքին։ Գալիս է 2008 թվականը, նույն ուժերը, նույն մարդկանց դերակատարությամբ՝ Լեւոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, ընտրություններով չկարողացան, կազմակերպեցին Մարտի 1–ի սպանդը։ 2018 թվականին, ցավոք, Սերժ Սարգսյանը մենակ էր մնացել, Վազգենը սպանված էր, Ռոբերտ Քոչարյանը գործի հետ առնչություն չուներ էլ։ Հիմա այդ նույն ուժերը Հայաստանում մարդկային ռեսուրսը պետք է ապականեն, կոնվենցիաներն ընդունեն, Արցախը հանձնեն։ Բնականաբար, դա ծրագիր է, որ իրականացվում է արտաքին ուժերի միջոցով՝ թուրք–ադրբեջանական փողերով»։