Այս դրվագը հաջորդել է կառավարության առջեւ ռեստորանների, հանդիսությունների սրահների սեփականատերերի ու  աշխատակիցների, երգիչ-երաժիշտների, հանդիսավարների ցույցի  մասնակիցների մի մասին բերման ենթարկելուն: Նրանք խնդրում էին պարետին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները:  Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ էին տվել՝  հավաքը դադարեցնելու համար:

Եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու, լրագրողներին ասել է  դերասան Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝  3 ամսվա համար պետությունից 68 հազար դրամ է ստացել որպես աջակցություն, սակայն դրանով հնարավոր չէ երեք երեխա պահել: «Ես չեմ եկել փող մուրալու, եկել եմ ասելու՝ եկեք ելքեր գտնենք աշխատելու»,- ասել է դերասանը:

Րոպեներ  անց ոստիկաները բերման են ենթարկել երեք հոգու՝ արտակարգ դրության պահանջները չկատարելու համար, որոնց թվում Սարգիս Գրիգորյանին:

Այստեղ են եղել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանն ու Գեւորգ Գորգիսյանը: Անի Սամսոնյանը ակցիայի մասնակիցներին խոստացել է զբաղվել բերման ենթարկվածների հարցով: Բերման ենթարկվածներին բաց են թողել, Սարգիս Գրիգորյանին եւ մյուսներին, ի դեպ, տուգանել են  50 հազար դրամով։ 

Պարետատունն ուզում է աջակցել, ուզում է տարբերակ գտնել, որով հնարավոր է մեր հետագա աշխատանքի հարցը լուծել, ավելի ուշ ասել է հանդիսավար Վարդան Խաչատրյանը, որը վերադարձել էր կառավարության ներկայացուցիչների հետ խնդրի քննարկումից:

Նույն ժամերին հանրային հնչեղության իրադարձություններ են ծավալվել նաեւ Ոստիկանության 6-րդ վարչության մոտ, որտեղ բացատրություն տալու էր հրավիրվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:  Նրանից պահանջել են  ապացուցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները որեւէ կապ ունեն մաքսանենգության հետ։

Մինչ Արթուր Դանիելյանը դուրս կգար ոստիկանությունից, իրավապահները բերման էին ենթարկել  «Ադեկվադ» միաբանության 2 տասնյակ անդամների՝ իրենց պահանջներին չենթարկվելու պատճառաբանությամբ, թեեւ նրանք պնդում էին, որ կատարել են ոստիկանների հրանանգները: Ավելի ուշ  «Ադեկվադի» անդամների մեծ մասը դուրս է եկել  ոստիկանության կենտրոնի բաժնից։ Բերման ենթարկվածների մեջ եղել են նաեւ ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ:

Երիտասարդ կուսակիցներին ու «Ադեկվադի» ներկայացուցիչներին սատարելու համար ոստիկանության բաժնի մոտ են եկել նաեւ հանրապետական գործիչներ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ՝ մարդկանց բերման ենթարկելու այս միջադեպը Նիկոլ Փաշինյանի վախերի հետեւանքն է:

Մայիսի 19-ի երեկոյան Պաշտպանության Բանակի զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա Հենրիկ Սամսոնի Արամյանը:  Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով:

Հենրիկը Լոռու մարզի Գուգարք համայնքից էր։  Համայնքապետ Աշոտ Աշուղյանը NEWS.am-ին հայտնել է, որ երիտասարդը 1,5 տարվա ծառայող էր: «Իրենց համար աշխատող, ապրող ընտանիք են, մեկ եղբայր ու մեկ քույր, քույրն ուսանող է»,- ասել է գյուղապետը։

Նախօրեին Պաշտպանության Բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հաջողությամբ փորձարկվել է հայ մասնագետների նախագծած ու արդիականացրած հարվածային անօդաչու թռչող սարքը, որի սերիական արտադրությունը կսկսվի շուտով։ Սարքը գործում է տեղորոշման   միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր որակներ եւ չի զիջում առաջատար երկրների նմանատիպ  սարքերին:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 67-ի: Մայիսի 20-ի առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5271-ի: Այս պահին բուժվում է 2758 անձ, ապաքինվել է 2419-ը,  վերջին մեկ օրում մահացել է  3 պացիենտ: Եվս 2 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է:

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին չէին ներկայացել մի խումբ ամբաստանյալներ, մասնավորապես Վարուժան Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, եւ 2 պաշպաններ։ Փաստաբանները միջնորդել էին նիստն հետաձգել՝ երկրում ստեղված իրավիճակով պայմանավորված։ Մյուս ամբաստանյալներն ասել են, որ դեմ են դատական նիստի հետաձգմանը։ Պավլիկ Մանուկյանը շեշտել է, որ իրենց հույսը դատավորի փորձառությունն է: Դատավորը որոշել է նիստը հետաձգել եւ հաջորդ դատական նիստին բերման ենթարկել ամբաստանյալներին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ։ Բողոքը  մուտքագրվել է մայիսի 19-ին։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ միջնորդել  է դատարանին՝ մայիսի 21-ին երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, միջնորդությունը պայմանավորելով երկրում ահագնացող համաճարակային իրավիճակով։   Հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին Մակինյանը խոստացել է լրացուցիչ  տեղեկացնել:

Երևանի «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ գողացել են Երևանում տեղադրված «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից մի քանիսի արձանները:  Թադևոսյանը  գողերին կոչ է արել հետ վերադարձնել արձանները, իսկ դրանք գտնելու հարցում օժանդակողներին խոստացել դրամական պարգև

Անցած գիշերվա 2-ին  ոստիկանությունից  հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ  նախկին Պաշտպանության նախարարության  շենքի մոտակայքից  «Արմենիա» բուժկենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Իրավապահները պարզել են, որ նախկին  կինն է խոհանոցային դանակով հարվածներ  հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային: Երիտասարդ կինը  ստորագրությամբ բաց  են թողել։ 

Կենդանիները բնության հրաշալիքներն են. նորածին կենդանիները շատ անօգնական են եւ ունեն մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը: Այս մասին Facebook-ում գրել է ԲՀԿ առաջնորդը։  Գագիկ Ծառուկյանը նշել է նաեւ, որ իր խնամքի տակ հասակ առած եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծին  հունիսի 1-ին ընդառաջ պատրաստվում է նվիրել Երեւանի կենդանաբանական այգուն, իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է  հոգատարությամբ խնամել:

ԱՄՆ դոլարի փոխարժեք նախորդ օրվա համեմատ նվազել է 1.02 դրամով ու  կազմել 483.63 դրա: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով  ու կազմել  529.57 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու հասել 593.27 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել  6.73 դրամ։

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կրկին կնվազի:  Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։