Առաջնագծում` Տավուշի սահմանին կեսգիշերից մինչեւ այս պահը լիարժեք դադար է, մեծ տրամաչափի ու հրետանային զենքեր չեն կիրառվել, առավոտյան հայտարարել է Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հակառակորդն այս օրերին կիրառել է իր գրեթե ամբողջ զինանոցը։ Մինչեւ կեսգիշեր որոշակի ակտիվություն եղել է, հնչել են կրակոցներ: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է եւս երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: Հովհաննիսյնը տեղեկացրել է, որ սահմանին ծավալված ռազմական գործողություններում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, 5-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով, մյուսներն առաջիկա օրերին շարք կվերադառնան։ «Հայկական զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն են կատարում, կոնֆլիկտի ծավալն այնպիսին չէ, որ պետությունը դիմի պահեստազորայինների կամ կամավորականների աջակցությանը»,-ասել է նա:
Մինչ սահմանին հայկական ուժերը ադրբեջանական անօդաչուներ էին ոչնչացնում, Բաքվում հակահայկական հանրահավաք էր ծավալվում։ Ոստիկանությունը չարտոնված հավաքին միջամտել է միայն, երբ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, այն էլ 15-20 րոպե անց։ Ոստիկանության ու արագ արձագանքման գնդի ուժերը մահակներով ամբոխը դուրս են բերել խորհրդարանից, փողոցից էլ ցրել ջրցան մեքենաներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրապետության նախագահին՝ նախօրեին զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու միջնորդությամբ: Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է` ինչպես է ադրբեջանական զինուժը զրահատեխնիկան տեղակայում բնակելի տների մերձակայքում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:
Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նաեւ տեսանյութեր է տարածել եւ գրել․ «Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»:
Մարտական հերթապահության դուրս եկած Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մասին գրառում է արել Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը և կիսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութով։ Հերթապահությունը կրելու է մշտական բնույթ, գրել է նա։
Արցախի նախագահը հանդիպել է Թալիշի ու Մատաղիսի բնակիչների հետ եւ խնդրել ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավոր տեղափոխել թիկունքային համայնքներ: Տարհանումն արդեն սկսվել է, բոլորն ապահովվել են կացարաններով և սննդով: Արայիկ Հարությունը Ֆեյսբուքում նաեւ գրառում է արել․ «Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, վկայակոչելով հայ հաքերներին, տեղեկացրել է, որ նրանք անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի՝ Anti-Armenia կայքը։ Հիշեցնեմ, որ Անտի Արմենիան երեկ հարձակվել եւ կոտրել էր հայկական մի շարք կայքեր, այդ թվում կառավարության էջը։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Երեւանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ բողոքելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական Կիեւի հայտարարության դեմ: Ուկրաինայի միակողմանի հայտարարությունը ջուր է լցնում ագրեսոր Ադրբեջանի ջրաղացին, հայտարարել են նրանք։ Երիտասարդները բորշչով լի տարաներ են նետել դեսպանատան ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չնայած ռազմական վերջին բռնկումը տեղի էր ունեցել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հետ սահմանին։
Վարչապետի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը Անդրանիկ Փիլոյանին, Արտակ Տոնոյանին եւ Ժիրայր Պողոսյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել։
Գնդապետներ Փիլոյանը, Պողոսյանն ու Տոնոյանը համապատասխանաբար 5-րդ բանակային կորպուսի, 1-ին բանակային կորպուսի եւ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարներն են։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն առավոտյան 9։35-ին ահազանգ է ստացել Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրված լինելու մասին։ Դեպքի վայր են շտապել հրշեջների, փրկարարների, ինժեներասակրավորական խմբեր։ Շուտով նրանք պարզել են, որ ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր:
Հայաստանում հուլիսի 15-ի առավոտվա դրությամբ մահացել է 781 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում գրանցվել է վիրուսով վարակվելու 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 33 հազարից։ Վերջին տվյալով՝ ապաքինվել է 21348 մարդ: COVID-19-ից մահացել է 11 մարդ եւ հասել 592-ի։ Մահացածներից ամենաերիտասարդը 53-ամյա տղամարդ է։ Եվս 5 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից․ այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: 153 վարակվածից 124-ն ապաքինվել է։ Երկուսի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության:
Խորհրդարանն այսօր քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե իշխանությունն ինքն իր տակ ռումբ է դնում։
Նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքը կաթվածահար չանելն է, պարզաբանել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, թեեւ նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն այլ մեկնաբանություն է տվել փաստաթղթին։
Անհանգիստ գիշեր է անցկացրել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղը։ Գիշերը ժամը 4-ից մոտ 200 ոստիկան է շրջապատել համայնքը եւ փակել նրա գլխավոր ճանապարհը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է եղեգնուտցի Սմբատ Մկրտչյանը: Վաղ առավոտից բնակիչները փակել են գյուղապետարանի շենքը եւ թույլ չեն տալիս, որ նախկին գյուղապետը, որ հրաժարական էր տվել համագյուղացիների ճնշման տակ եւ հետո վերականգնվել իր պաշտոնում դատարանի որոշմամբ, մտնի շենք: Ավելի ուշ եղեգնուտցիները բողոքի ակցիան դադարեցրել են, երբ իմացել են, որ համայնքապետի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի մեկ շաբաթ առաջ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Իսկ Գյումրին փորձում է վերականգնվել հուլիսի 13-ի ջրհեղեղից հետո։ Հիշեցնենք, որ NEWS.am-ի թղթակիցն այցելել էր տեղատարափ անձրեւից ու կարկուտից հատկապես տուժած Գյումրիի տնակային ավան եւ զրուցել բնակիչների հետ։
Երեւանում մեկնարկել է «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատավարությունը։ Առիթը «Զինվորի մայր» ՀԿ ղեկավար Մարգարիտա Խաչատրյանի այն հայտարարությունն է, թե ինչո՞ւ զոհված զինծառայողների կամ «Սասնա ծռերի» գործողություններից մահացած ոստիկանների ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին տրվում է։ Հայցվորը չէր ներկայացել դատին, այնուհանդերձ պատասխանող կողմի պնդմամբ, նիստը կայացել է։
Բոլիվիայի մարմնավաճառները մտադիր են կորոնավիրուսի պայմաններում ապրել ու աշխատել ձեռնոցներով, ախտահանող շշերով եւ թափանցիկ թիկնոցներով:
«Կենսանվտանգության կոստյումները Բոլիվիայի Գիշերային աշխատողների կազմակերպության մշակած 30 էջանոց անվտանգության ուղեցույցի պահանջն է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.12 դամով ու կազմել 484.50 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.98 դրամով ու հասել 553.64 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.62 դրամով՝ հասնելով 610.52 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.83 դրամ։
Հուլիսի 16-ին երկրի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 18-ը չի փոխվի։ Երեւանում տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 17-19, վաղը ցերեկը 33-35 աստիճան զրոյից բարձր։











