Սեւանը «կծաղկի» նաեւ հաջորդ տարի, իսկ փոփոխությունները տեսանելի կլինեն միայն երկարաժամկետ հեռանկարում՝ համապարփակ միջոցառումների արդյունքում: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:
Ըստ նրա՝ լիճը «ծաղկում է» 2018 թվականից, եւ դրա ինտենսիվությունը գրեթե չի փոխվում: «Գործընթացը սովորաբար սկսվում է հունիսի վերջին եւ տեւում է մինչեւ օգոստոսի կեսը: Այս տարի անկումը սպասվում է օգոստոսի 20-ի մոտակայքում»,- ասաց նա:
Շահնազարյանը պարզաբանեց, որ, ընդհանուր առմամբ, Սեւանում ջրի մակարդակն այս տարի 3 սմ-ով ցածր է, քան անցած տարի: «Այս տարվա մարտին օդի բարձր ջերմաստիճան է գրանցվել, ինչի արդյունքում գոլորշիացումն ավելացել է 20-70 տոկոսով, ինչն արագացրել է լճի բիոպրոցեսները, որոնք դանդաղել էին մայիսին եւ կրկին արագացել հունիսի սկզբին: Սեւանում ջրի անհրաժեշտ մակարդակից 6 մ է պակասում»,- հավելեց կենտրոնի ղեկավարը:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության եւ հատուկ պահպանվող բնական տարածքների վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանի՝ լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման կարեւոր ուղղություն է անտառային գոտիների մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվում է իրականացնել 2019-2021 թվականների ծրագրի շրջանակներում 750 հա տարածքի վրա։
«2019 թվականին այս ծրագրի շրջանակում արդեն մաքրվել է 98 հա անտառային գոտի, այս տարի նախատեսված է աշխատանքներ անցկացնել 271 հա մակերեսով տարածքում: Դրանից բացի, անցկացվել է լճի մերձակայքում 1724 միավոր շենքերի եւ կառույցների գույքագրում, որից 32-ը պետական են եւ համայնքային: Նախարարությունը պատրաստվում է դրանցից 24-ն իր միջոցներով ապամոնտաժել: Մասնավոր կառույցների տերերին իրազեկումներ են ուղարկվել իրենց հաշվին շենքերի ապամոնտաժման մասին»,- շեշտեց նա:
Ոսկեհատ Գրիգորյանը հավելեց, որ այլ միջոցառումների շրջանակում Սեւանի մերձակայքի 3 համայնքներում նախատեսված է մաքրող կայանների տեղադրում, տեղային կայանների տեղադրման աշխատանքներ են տարվում նաեւ հյուրանոցային համալիրներում եւ հանգստի տներում, որոնց թիվն այս պահին հասնում է 17-ի: «Այլ տնտեսվարող սուբյեկտները նույնպես տեղեկացված են այդպիսի միջոցառումներ ընդունելու անհրաժեշտության մասին»,- պարզաբանեց նախարարության ներկայացուցիչը:
Պաշտոնյան ընդգծեց, որ կարեւոր ուղղություն է նաեւ պոպուլյացիայի վերահսկողությունը եւ ձկների էնդեմիկ տեսակների ավելացումը, եւ անցյալ շաբաթ համապատասխան միջոցառումների շրջանակում լիճ է բաց թողնվել սեւանյան իշխանի 300 հազար մանրաձուկ:
«Դրանից բացի, այս տարի գործելու է 200 տոննա սիգի արդյունաբերական որսի պիլոտային ծրագիր, բայց խիստ վերահսկողությամբ: Կխստացվեն պահանջների խախտումների համար պատժամիջոցները: Օրինակ՝ հատուկ պահպանվող գոտիներում ապօրինի որսի համար տուգանքը կարող է 5 անգամ մեծացվել»,- ամփոփեց Գրիգորյանը:











