Տավուշյան ուղղությամբ արկածախնդրությունների ձախողումներին Ադրբեջանում դեռ չեն համակերպվում։ Երեկ 22:30-ին մոտ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայ դիրքապահները հետ են մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ, հայտնել է պաշտպանության նախարարության  խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նախնական տվյալով՝ «Ալիեւի սպեցնազը», կորուստներից բացի ունի նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի, իսկ Ադրբեջանի զինուժի ղեկավարությունն արդեն չի տիրապետում իրավիճակին, գրել է Ստեփանյանը։

Ադրեջանական անօդաչուների մասին ուշագրավ տեղեկություն է հաղորդել «Ռազմինֆոն»․ մասնագիտացված կայքը հայտնում է, որ նախօրեին ցուցադրված ադրբեջանական անօդաչուների մնացորդների մեջ կային վերջին մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում են իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին խորհրդարանի  ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Նա Ֆեյսբուքում գրել է, որ «այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»: Հիշեցնենք, որ օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: Դրա համար եղած 21 օրյա ժամկետը լրանալուց հետո է Միրզոյանը  հնարավորություն ստացել այն ստորագրելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր էջում ազդարարել է․ «Օրենքն այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»: Թեկնածուների թվում մամուլում շրջանառվում են Գագիկ Ջհանգիրյանի ու նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունները։

Սահմանադրական Դատարանում ստեղծված վիճակն առաջացել է ոչ թե այդ նոր օրենքի, այլ այն պատճառով, որ երկու դատավորներ գնացել են արձակուրդ, բարձր ատյանում քվորումի բացակայությունն ու նիստեր չանցկացնելն այսպես է պարզաբանել արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Առաջիկա երկու ամսում առաջադրումներ կլինեն եւ շուտով Սահմանադրական դատարանը կգործի ամբողջ կազմով, ասել է նախարարը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը։ Ֆինանանսների նախկին նախարարի փաստաբանական թիմից հայտնել են, «ՄԻԵԴ-ը պահանջել է Հայաստանի կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների մասնակցությամբ»։ Ըստ փաստաբանների՝

64-ամյա Խաչատրյանն արդեն 11 ամիս ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի։

Բարձր միավորներ հավաքած, բայց բուհ չընդունված դիմորդների ծնողների համբերության բաժակը, կարծես, լցվում է, նրանք այսօր դարձյալ ցույց են կազմակերպել եւ վրդովմունք հայտնել կրթության նախարար Արայիկ Հարությունյանի անտարբեր պահվածքի առիթով։ Նրանք դժգոհ են, որ ոչ Հարությունյանը, ոչ փոխնախարարները չեն ներկայացել Ազգային Ժողով ու չեն մասնակցել այդ խնդրի քննարկմանը:

Հայաստանում անցած մեկ օրում մահացել է 18 կորոնավարակակիր, ընդհանուր թիվը հասել է 895-ի։ Վերջին 24 ժամում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 439 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 35693-ի, նրանցից 24766-ն ապաքինվել է: Նախօրեին վիրուսից մահացած 16 հոգուց ամենաերիտասարդը 49 տարեկան տղամարդ է։ Եվս 2 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից։

Արցախում էլ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու աշխատանքներ են իրականացվում:

Վարակի օջախները պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակտավորները՝ թեստավորվում:

Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն․ այս հռետորական հարցը հնչեցրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է եւ իր հետ խորացնում շատ եւ շատ քաղաքացիների մոտ լրջագույն առողջական խնդիրներ, գրել է նա եւ ավելացրել․  երբ ջերմաստիճանը 40-42 էր, ոստիկանները հրահանգավորված ռեյդեր էին իրականացնում` շատ լավ հասկանալով, որ մարդիկ երբեմն իջեցնում են դիմակները` շնչահեղձ չլինելու համար: Սա արդեն կարելի է բնութագրել թշնամական մոտեցում:

Հայ-ադրբեջանական «ծիրանային պատերազմին» է անդրադարձել Ռուսաստանի լիբերալ դեմոկրատների առաջնորդը։ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է «Ֆուդ սիթիում» տեղի ունեցած ազգամիջյան հակամարտությունը եւ հույս է հայտնել, որ «նման բան այլեւս չի կրկնվի»:  «Այստեղ ոչ տայգա է, ոչ տափաստան եւ ոչ էլ լեռներ, որ պարտադրեք ձեր վայրենի, բարբարոս մեթոդները՝ դու առեւտուր կանես, դու չես անի, դու այլ ազգի ես, սա անընդունելի է», ասել է Ժիրինովսկին։

Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել... Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում, Ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Երեւի թե 1920-ին ծիրանը պակաս տարի է եղել», գրել է Գասպարյանը՝ թվարկելով այդ տարի Հայաստանին պատուհասած հայտնի դեպքերը։

Լոս Անջելոսի իր տանը սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանի «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր, Վիետնամ մականունով  հայտնի Արմեն Սահակյանը։ Ըստ հաղորդագրությունների՝ հարձակմանը մասնակցել են երկու մեքսիկացի վարձկաններ, չնայած անսպասելիությանը Վիետնամին հաջողվել է գնդակահարել քիլերներից մեկին, սակայն ավելին նրան չի հաջողվել․ կինը ծանր վիրավորվել է։ Գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ:

Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացած երիտասարդը Գավառի կրակոցների եւ հիվանդանոց ներխուժելու գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանն է, հայտնում է Armlur.am-ը: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառում՝ կրակոցներ էին հնչել, սպանվել էր 2 մարդ։ Ավելի ուշ Գավառի հիվանդանոց հարյուրավոր քաղաքացիներ էին գրոհել՝ վիրավորներին հաշվեհարդարի ենթարկելու մտադրությամբ։ Այդ գործով մի խումբ երիտասարդներ էին կալանավորվել, որոնց մեջ էր Նարեկ Հովհաննիսյանը: 2-ամսյա կալանքը դատարանը չէր երկարաձգել։ Հովհաննիսյանի մարմինը փրկարարները գտել են ավտովթարի վայրից՝ գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա:

Մահացել է «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հիշեցրել է, որ  Անահիտը փայլուն հաղթանակ էր տարել «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին, Ջավախքից միշտ այցելում էր Երեւան՝ հաշմանդամ աղջիկներին քաջալերելու եւ ոգեշնչելու համար։

Տարօրինակ միջադեպ է լուսադեմին գրացնվել Երեւանում։ Գազազած շների ոհմակը առավոտյան 6-ին հարձակվել է մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ինչպես տերն է գրել՝  ուղիղ իմաստով կերել այն: Գոհար Աղաջանյանը նաեւ լուսանկար ու տեսանյութ է հրապարակել. «Հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ է այս ամենի պատասխանատուն, ինչո՞ւ պետք է ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ», գրել է կինը եւ առաջարկել պատկերացնել ինչ կլիներ, եթե մեքենայի տեղում մարդ լիներ։

Կապուտակ Սեւանի կանաչելու թեմային է այսօր անդրադարձել բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Գայանե Շահնազարյանը։ Ըստ նրա՝  Սեւանը «կծաղկի» նաեւ հաջորդ տարի, իսկ փոփոխությունները տեսանելի կլինեն միայն երկարաժամկետ հեռանկարում՝ համապարփակ միջոցառումների արդյունքում:

Սփյուռքում Հայկական Բանակին զորակցության ցույցերը շարունակվում են։ Շվեդիայում Հայաստանի դեսպանության մոտ են հավաքվել բազմաթիվ հայեր՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին եւ հայոց բնակին:  Երեկ Շվեդիայի հայերին լուր էր հասել, որ ադրբեջանցիները, հնարավոր է, երթով շարժվեն դեպի Հայաստանի դեսպանություն: Հայերը շատ արագ ինքնակազմակերպվել են եւ հավաքվել մեր դեսպանատան դիմաց։

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Սարի աղջիկ» երգն է հնչեցրել երգիչ Անդրեն:

Իսկ ցույցի ժամանակ ընդհարում է տեղի ունեցել հայերի ու Ադրբեջանի հյուպատոսարանի առջև հավաքված ադրբեջանցիների միջեւ։ Ծեծկռտուքը սադրել են ադրբեջանցիները։ Տարածքը լքելիս ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա, մանրամասները Ֆեյսբուքյան լայվով փոխանցել է Հորիզոն հեռուստաընկերությունում աշխատող Վրույր Թադեւոսյանը:  Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ, նրա բառերով՝ «բոլորին շան ծեծ տվել»: Ադրբեջանցիները փախել են՝ գետնին թողնելով իրենց դրոշը:

Անակնկալ գրառում է Twitter-ում արել  ռեփեր Քանյե Ուեսթը։ Պարզվում է՝ նա արդեն երկու տարի ցանկանում է ամուսնալուծվել կնոջից՝ իրապատում-շոուի գերաստղ Քիմ Քարդաշյանից։ Ռեփերի չորս երեխաների մայրը նրան խանդի առիթ է տվել, երկու տարի առաջ հանդիպելով ոմն Միք Միլերի հետ։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է մորը: Նախկին նախագահի գրասենյակը լուսանկարներ է տարածել եւ նշել. «Ամենալավ օրը ցանկացած ծնողի և զավակի համար. երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը: Օրը սկսվում է մոր հետ ջերմ զրույցով` նրա ներկայությունը, առավոտ վաղ հավաքած թարմ հատապտուղներն ու պատրաստած թեյը վայելելով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով ու կազմել 484.16 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.37 դրամով ու հասել 558.96 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  613.72 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքը նույնպես չի փոխվել՝ 6.83 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 23-ին սպասվում են կարճատեւ անձրևներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ կտեղա: Օդի ջերմաստիճանը կնվազի եւս մի քանի աստիճանով: Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին եւս սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +30 +32: