Գեղամասար խորացված համայնքի բնակիչները բողոքում են Սոտքի ոսկու հանքում պայթեցումների հետեւանքով առաջացած փոշուց, ինչի համար էլ այսօր՝ օգոստոսի 18-ին փակել էին Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության հետ։ Բողոքի ակցիայի մասնակից, Սոթք համայնքի բնակիչ Սեւակ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն այս պահի դրությամբ բավարարվել է եւ որոշել են բացել ճանապարհը, բայց չի բացառվում, որ նորից բողոքի այդ տարբերակին դիմեն, եթե վերջնական լուծման չհասնեն։ 

«Ամեն օր պայթեցում է արվում, երբ փոշու ամպը հասնում է գյուղին, մարդիկ հոտից տներից չեն կարողանում դուրս գալ, մարդկանց աչքերից կարող է արցունք գալ այդ փոշուց։ Փոշու դեղին շերտը նստում է մեքենայի վրա։ Բացի այդ՝ այնքան խորն են գնացել, որ մեր խմելու ջրին է արդեն վնասում, գետի ջուրն է պղտորվել։ Այդ քիմիական տարրեր պարունակող ջրով էլ մենք մեր կարտոֆիլը, մյուս մշակաբույսերն ենք ջրում։ Կարտոֆիլն էդ ջրով ջրում ես, հաջորդն օրը չորանում ա։ Էդ փոշին նստում է նաեւ մեր արտերում խոտերի վրա, որտեղ մեր անասուններն են արածում»,- ասաց նա։

Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ իրենք չեն պահանջում հանքը փակել, քանի որ դա նաեւ աշխատատեղ է հարակից գյուղերի բնակիչների համար․ «Մենք պահանջում ենք, որ լուծեն  գետի ախտոտման խնդիրը, միգուցե պայթեցումներ չանեն, փակ մշակում անեն, որ նման հետեւանքներ չունենա»։

Ըստ բողոքող գյուղացիների՝ տեղական կազմակերպությունները հետազոտություն են արել, տվել, թե հանքի շահագործումից շրջական միջավայրը վնաս չի կրում, այնինչ վնասներն իրենց ակնհայտ են անգամ անզեն աչքով։