Գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումն օրինական է, իսկ Դատախազության կողմից բերված բողոքը հիմնավորված եւ պատճառաբանված չէ. ենթակա է մերժման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում ընթացող Երեւանի անի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննությանն ասաց Դավիթ Գրիգորյանը։

Դատավոր Գրիգորյանը հայտարարեց, որ գործով մեղադրող դատախազը նախորդ նիստին նշել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ քրեական գործը վարույթ է ընդունվել դատավոր Դավիթ Բալայանի կողմից, սակայն, ըստ Դավիթ Գրիգորյանի, գլխավոր դատախազը դեռեւս մայիսի 22-ին տեղյակ է եղել այդ մասին։

Անդրադառնալով գործով մեղադրող դատախազի այն հայտարարությանը, թե իր երաշխիքները ապահովված են եղել՝ Գրիգորյանն ասաց. «Դատախազը չնշեց, թե ինչ երաշխիքներ։ Ես կուզեի հարց տալ՝ ո՞ր երաշխիքների մասին է խոսքը։ Երեւի իրենք նկատի ունեն, որ իմ աշխատասենյակում, իմ անձնական համակարգիչը առգրավելիս ինձ թույլ չեն տվել մասնակցել, իմ պաշտպան Գեորգի Մելիքյանին թույլ չեն տվել մասնակցել քննչական գործողությանը, որը արձանագրված է, թե այն գործողությունը, որը կապ չուներ 314-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներին»։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: